Ջրամբարները կարող են ծառայել որպես ձկնաբուծարաններ

Ջրամբարները կարող են ծառայել որպես ձկնաբուծարաններ

Հայաստանում գտնվող ջրամբարները կարող են ծառայել որպես ձկնաբուծության զարգացման այլընտրանքային աղբյուր: Այս կարծիքին է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը: 

Հայաստանում առկա 82 ջրամբարից 30-32-ը մեծ և միջին մեծության են:

«Շատ կարևոր է դիտարկել այդ ջրամբարները ոչ միայն գյուղատնտեսական և հիդրոէներգետիկայի տեսանկյունից, այլև, որ դրանք կարող են միաժամանակ ծառայել նաև ձկնաբուծության զարգացմանը: Եթե Սևանը տարեկան տալիս է մոտավորապես 2-3 հազար տոննա սիգ, ապա իմ նախնական հաշվարկներով մոտավորապես այդքան կարող են տալ նաև Հայաստանի ջրամբարները, ընդ որում, էկոլոգիապես մաքուր ձուկ»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Թե որ ջրամբարում որ ձկնատեսակը պետք է աճեցվի, ըստ մասնագետի՝ որոշակի ուսումնասիրությունների կարիք ունի:

«ԷկոԼուրի» այն դիտարկմանը, թե ջրամբարներում առկա ջուրը չորային տարիներին խիստ նվազելու պարագայում իր առաջարկած ծրագիրն իրագործելի կլինի կամ ներդրված գումարները չեն վատնվի, Սամվել Պիպոյանն արձագանքեց. «Որևէ մեկը մեծ գումար չի ծախսում, ներմուծվում են մանրաձկներ, որոնք պետք է սնվեն բնական կերով: Երբ ջուրն իջնում է օրինակ՝ զրոյական մակարդակի և չի օգտագործվում այլ նպատակով, բայց այս կան այն չափով միևնույն է, ջուր կա, ապա բավարար է մայրական գլխաքանակի պահպանման համար, նրանք կարող են 1-2 տարվա ընթացքում վերականգնվել»:

Սամվել Պիպոյանի կարծիքով միակ ռիսկը որսագողությունն է:

«Ցածր ջրի դեպքում հեշտանում է խոշոր ձկան որսը: Սակայն եթե ջրամբարների պահակային ծառայությանը հանձնարարվի հետևել, որ որսագողություն չլինի, մենք այդ խնդիրը չենք ունենա»,- ասաց նա: 

Աղբյուրը՝   ecolur.org