Այս տարի ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել 320 անձ, որոնցից 213-ը Ուկրաինայից են

Այս տարի ՀՀ-ում ապաստանի  հայց  է  ներկայացրել   320  անձ, որոնցից  213-ը  Ուկրաինայից են

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում  ապաստան հայցող  անձանց  թիվը    տարեկան  միջինում կազմում  է  շուրջ 270 անձ։ Այդ  թիվն  առանձին  տարիներին՝    տարածաշրջանում  առկա  հակամարտություններով պայմանավորված   աճում  է։  Այսպես՝  սիրիական ճգնաժամի  հետևանքով  2012թ.-ին  ՀՀ-ում  ապաստան հայցող  անձանց  թիվը հասել  է  579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։  Ակնհայտ  է  աճի  միտումը   նաև  2022թ.-ին՝  Ուկրաինայում  տեղի  ունեցող  իրադարձությունների  հետևանքով։  2022թ.   առաջին  6  ամիսների  ընթացքում արդեն Հայաստանի  Հանրապետությունում ապաստանի  հայց  են  ներկայացրել   320  անձինք, որոնցից  213-ը  Ուկրաինայի  քաղաքացիներ  են։

ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է,  քանի   որ  այդ  անձինք  փախստական ճանաչվելուց  հետո  հնարավորություն  չունեն  ինքնուրույն լուծել իրենց  կացարանի հարցը, նրանց  անհրաժեշտ  է որոշակի ժամանակ հայոց լեզուն  սովորելու և աշխատանք  գտնելու  համար, որից  հետ  միայն  նրանք  կարող  են    քայլեր  ձեռնարկել   կացարանի ձեռք  բերման  ուղղությամբ։ 

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում   է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի սպասարկման ենթակա սոցիալական տներում  նրանց ժամանակավոր  կացարան  տրամադրելու  միջոցով։ Սոցիալական  տներում  իրատեսական  է   բնակեցնել նշված 150 անձանց մեկ  երրորդին, իսկ մնացած  100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով  ապահովումը  հնարավոր է իրականացնել  բնակարանի  վարձակալության  փոխհատուցման միջոցով:

Ծրագրի նպատակն է, ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված՝  ժամանակավոր կացարանի սուր խնդիր ունեցող  և  կյանքի դժվարին  իրավիճակում  հայտնված անձանց Սոցիալական տներում   բնակեցնելու անհնարինության դեպքում, բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման  տրամադրման  ճանապարհով,   նպաստել  այդ  անձանց   բնակարանային  հիմնախնդրի  լուծմանը։

Կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց ինտեգրման  միջոցով  ապահովելով հասարակության  համերաշխությունն  ու կայունությունը և խուսափելով մարգինալ խավերի առաջացումից: 

Աղբյուրը՝   news.am