2020 թվականին Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ՝ ավելի քան 160 միլիոն եվրո

2020 թվականին Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ՝ ավելի քան 160 միլիոն եվրո

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի բացառիկ հարցազրոյցը ejc.am կայքին

-Պարոն Գվինդաձե, հունիսի 28-ի շաբաթվա ընթացքում տեղի ունեցան ՎԶԵԲ-ի՝ 2021թ․ տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը: Որո՞նք էին հիմնական թեմաներն ու առանցքային որոշումները:

-Covid-19-ի հետ կապված գլոբալ իրավիճակի պատճառով տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը անցկացվել են վիրտուալ տիրույթում։ Այս տարեկան համաժողովը 2020 թվականին Covid-19 համաճարակի սկսվելուց ի վեր վիրտուալ ձևաչափով անցկացված երկրորդ ամենամյա հանդիպումն էր և նշում էր նաև 1991 թվականին ՎԶԵԲ-ի հիմնադրման 30-ամյակը: Համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավոր հատվածի մեր գործընկերների և երկրի իշխանությունների շրջանում, մենք հետաքրքիր բանավեճեր ենք ունեցել միջազգային բարձրաստիճան պետական այրերի և մտավորականների մասնակցությամբ:

Բազմաթիվ քննարկումների կենտրոնում դեպի կանաչ տնտեսություն անցման և կլիմայի փոփոխության թեման էր: Այս թեման գլոբալ օրակարգի կիզակետում է, և ՎԶԵԲ-ի նման բազմակողմ զարգացման բանկերը նշանակալի դերակատություն ունեն այս գործընթացում: ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ 2022 թվականի վերջից իր բոլոր գործողությունները համապատասխանեցվելու են «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան Համաձայնագրի նպատակներին: Այսպիսով, մեր աշխատանքն ուղղված է լինելու մեր գործունեության երկրներում դեկարբոնիզացիայի արագացմանը։ Սա, բնականաբար, ազդելու է գործառնությունների և հաճախորդների ներգրավման վրա։ Մեր կողմից ֆինանսավորումը զուգորդվելու է քաղաքականության վերաբերյալ երկխոսությամբ և կարողությունների զարգացմամբ։                                                              

Բացի կարճաժամկետ աջակցությունից, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է իր գործունեության երկրներին՝ Covid-19 ճգնաժամի ազդեցությունը կառավարելու նպատակով, 2021 թվականի տարեկան ժողովի մասնակիցները քննարկեցին նաև, թե ինչպես աջակցել ՎԶԵԲ-ի գործունեության երկրների «ավելի լավ վերականգնվելու» գործընթացին` խթանելով կանաչ, թվային և ներառական տնտեսությունը:

2024 թվականին Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովը: Հուսով եմ, որ այդ ժամանակ Covid-19-ի հետ կապված ճգնաժամն ավարտված կլինի, և բազմաթիվ պետական պաշտոնյաներ և բիզնեսների ղեկավարներ կայցելեն Երևան: Սա եզակի առիթ կլինի երկիրը ցուցադրելու և ներդրողների ուշադրությունը գրավելու համար։

-Վերջերս ՎԶԵԲ-ը հրապարակեց Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ (ՏՏՀ՝ REP) փաստաթուղթը, որտեղ ամփոփված են Բանկի տեսակետները մեր տարածաշրջանում տնտեսական միտումների, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ: Որո՞նք են ՏՏՀ-ի հիմնական թեմաները և ուղերձները։

-Այո, վերջին ՏՏՀ-ն թողարկվել է հունիսին: Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ի տարածաշրջանն այս տարի կվերադառնա աճին՝ 2020 թվականի 2.3 տոկոս տնտեսական անկումից հետո: Տարածաշրջանի վերաբերյալ ՎԶԵԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, 2021 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կկազմի 4․2 տոկոս, իսկ 2022 թվականին` 3․9 տոկոս։ Դա, բնականաբար, կախված է մի շարք ենթադրություններից առ այն, թե ինչպիսին կլինի Covid-19 ճգնաժամի ընթացքը տարբեր երկրներում և ենթատարածաշրջաններում: Պետք է ասեմ, որ 2020 թվականին 2.3 տոկոս տնտեսական անկումն այնքան արտահայտված չէր, որքան մենք ի սկզբանե կանխատեսել էինք, և դա պայմանավորված է կառավարությունների կողմից կիրառվող զգալի հարկաբյուջետային խթաններով, նաև նրանով, որ որոշ երկրներում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները պակաս խիստ էին: Հումքային ապրանքների բարձր գները  շահեկան եղան արտահանողների համար, նաև մենք տեսնում ենք տարածաշրջանից մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման մեծ պահանջարկ: Միևնույն ժամանակ, զգալիորեն տուժել են այն երկրները, որոնք կախված են ծառայությունների արտահանումից, և այստեղ ես կընդգծեի տուրիզմի և հյուրընկալության ծառայությունները: Առողջության համար ռիսկերը մասամբ մեղմվել են պատվաստումների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, սակայն ռիսկերը դեռ առկա են և տարբեր ուժգնությամբ են ազդում տարբեր երկրների վրա: Միջազգային ներդրումների  նվազումը և համաշխարհային տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունը ազդել են դեպի ՎԶԵԲ-ի տարածաշրջան օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա՝ այս ցուցանիշը շարունակում է մնալ նախաճգնաժամային մակարդակից ցածր։ Արտադրանքի ծավալների կրճատման և հակացիկլիկ հարկաբյուջետային միջոցառումների պատճառով պետական ​​պարտքի բեռը շատ երկրներում ավելացել է, և այս խնդիրը հարկավոր կլինի լուծել առաջիկա տարիների ընթացքում։ Գնաճային ռիսկը ևս մի խնդիր է՝ այս օրերին բոլորս բազմաթիվ հոդվածներ և քննարկումներ ենք տեսնում այս թեմայով:

Ապագայում շատ բան կախված կլինի Covid-19 ճգնաժամի հետագա զարգացումներից: Երկրների մակարդակով ելքային արդյունքները տարբեր են լինելու: Տարբեր երկրներ տարբեր մեկնարկային պայմաններով մտան աննախադեպ տուրբուլենտության այս շրջանը՝ նրանք տարբեր իրավունքներ ունեն միջազգային աջակցություն ստանալու առումով, միմյանցից տարբերվում են նաև նրանց առողջապահական համակարգերը և տնտեսական կառույցները: Որոշ տնտեսություններ ավելի դիվերսիկացված են և ավելի դիմացկուն, քան մյուսները: Այս ամենը որոշիչ դեր է ունենալու առաջիկա ամիսներին նրանց տնտեսությունների վերականգնման համար: Ակնկալվում է, որ Արևելյան Եվրոպայում և Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) 2021 թվականին ցուցանիշները կաճեն 2.8 տոկոսով՝ նախորդ տարվա 3.9 տոկոս տնտեսական անկումից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստանին, 2020 թվականին տնտեսությունը կրճատվել էր 7․4 տոկոսով՝ արտահանման, ներդրումների և տնային տնտեսությունների սպառման նվազման պատճառով: Սակայն այժմ տեսնում ենք լայնածավալ վերականգնում, որը, հուսով ենք, կպահպանվի: Հայաստանը կախված է համաշխարհային առողջապահական ճգնաժամի զարգացումներից, բայց վերականգնման տեմպը և ծավալը կախված կլինեն նաև միջազգային ներդրողների ուշադրությունը դեպի Հայաստան սևեռելու կարողությունից: Մակրոտնտեսական կայունությունն ու բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտը առանցքային կլինեն այս առումով:

-Ինչպիսի՞ն էին Հայաստանում ՎԶԵԲ-ի արդյունքները 2020 թվականին:

-Հայաստանի համար ՎԶԵԲ-ի վերջին ռազմավարությունը հաստատվել է 2019 թվականի նոյեմբերին: Դրանում մենք նախանշել ենք 2019-2024 թվականներին Հայաստանում մեր գործունեության և քաղաքականության վերաբերյալ երկխոսության գերակա երկու ուղղություններ. նախ՝ ամրապնդել մասնավոր հատվածի մրցունակությունը, բարելավել կառավարումը և աջակցել գործարար միջավայրի բարեփոխումներին և երկրորդ՝ խթանել կայուն ենթակառուցվածքները՝ առևտրայնացման և դեպի կանաչ տնտեսություն անցման միջոցով: 2020 թվականին այս նոր հավակնոտ ռազմավարության իրականացման առաջին տարելիցն էր: Այս առաջնահերթությունների լայն շրջանակներում մենք տեղակայում ենք ՎԶԵԲ-ի բանկային պրոդուկտները այն տարածքներում, որտեղ Հայաստանը, իր պետական ​​և մասնավոր հատվածները ամենից շատը դրա կարիքն ունեն։ Մենք պահպանում ենք երկու կարևոր սկզբունք. Առաջին՝ հավելյալություն, այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է հավելյալ լինի մասնավոր հատվածի համար, այլ կերպ ասած` ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը կենտրոնանում է մասնավոր ներդրումների և ծախսերի վրա՝ առաջացնելով բազմապատկիչ էֆեկտ, և հաջորդը՝ բանկայնություն, այսինքն` բոլոր նախագծերը, որոնց մենք աջակցում ենք մասնավոր հատվածում` լինի դա ֆինանսական թե իրական հատվածը, պետք է կենսունակ լինեն առևտրային տեսանկյունից, ունենան բիզնեսի տեսլական և նպատակների վստահելի հիմնավորում, ի վիճակի լինեն համապատասխանել ՎԶԵԲ-ի ներքին ընտրության «ֆիլտրերին»՝ թափանցիկություն, ֆինանսական կարգապահություն, լավ կառավարում, ծրագրի հուսալի հովանավոր:

2020 թվականի սկզբից Covid-19 ճգնաժամը ազդել է պետական, կորպորատիվ և ֆինանսական հատվածի հաշվեկշիռների վրա: Այս ճգնաժամի անորոշ բնույթը խաթարել է վարկատուների, ներդրողների, սպառողների և վարկառուների վստահությունը: Այս համատեքստում, 2020 թվականին ՎԶԵԲ-ի գարծարքների տարեկան ծավալը Հայաստանում ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ՝ ավելի քան 160 միլիոն եվրո, որից 10 միլիոնը՝ պետական ​​հատվածի, իսկ մնացածը՝ մասնավոր հատվածի գործառնություններում:

Մենք համագործակցել ենք Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերի հետ` խթանելու առևտրի ֆինանսավորումը, և տրամադրել ենք լիկվիդայնություն, վարկեր ՓՄՁ-ներին ու «Կանայք բիզնեսում» ծրագրին։ Մենք ստորագրել ենք 55 Մվտ հզորությամբ «Մասրիկ» արևային կայանի գործարքը՝ սա տարածաշրջանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էլեկտրակայանն է, այն համատեղ ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացմանը, որը բարձրացնում է էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը, բարելավում էներգաարդյունավետությունը, նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցման միջոցով, և աջակցում Հայաստանի էներգահամակարգում վերականգնվող էներգետիկայի ինտեգրմանը: Մենք նաև ստորագրել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ֆինանսավորում ենք Եվրոպական միության հետ համատեղ:

-Ի՞նչ ծրագրեր կան 2021 թվականի համար։

-Մենք շարունակելու ենք տրամադրել առևտրի ֆինանսավորում, սատարել ՓՄՁ-ների մրցունակության, կանայք բիզնեսում, կանաչ տնտեսություն/ էներգաարդյունավետություն ծրագրերին մեր գործընկեր բանկերի միջոցով: Ֆինանսական հատավծում աշխատանքը կշարունակի մնալ Հայաստանում մեր գործառնությունների հիմքում: Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերը ՓՄՁ-ների հատվածն ընդգրկելու հիմնական ուղիներն են: Էներգետիկայի ոլորտում մենք հնարավորություններ ենք ուսումնասիրում «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ․՚)»  փաստաթղթի համատեքստում, որը հաստատվել է 2020 թվականին: Օրինակ, այս ծրագրի համաձայն, Հայաստանը ցանկանում է մինչև 2030 թվականը մեծացնել արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը՝ ավելացնելով մոտավորապես 1000 ՄՎտ արևային հզորություն: Այս համատեքստում մենք ցանկանում ենք աջակցել արդյունաբերական մասշտաբի արևային կայաններին՝ հիմնվելով «Մասրիկ» արևային կայանի հետ մեր դրական փորձի վրա: Շարունակվում է էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացումը:

Երևանն ու Գյումրին միացել են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ցանցին 2016 և 2018 թվականներին, համապատասխանաբար: Շատ երկրներում դա օգնում է որոշել, թե ենթակառուցվածքներում որ ներդրումներն ու քաղաքականության հետ կապված միջոցառումներն են առաջնահերթ, որոնք են ուժեղացնում քաղաքների կենսունակությունը և շրջակա միջավայրի կայունությունը: Այս համատեքստում մենք քննարկում ենք Երևան քաղաքի ավտոբուսների պարկի արդիականացման հնարավորությունը: Սա կարող է լինել բազմափուլ առաջատար ծրագիր, որը բնապահպանական և սոցիալական օգուտներ կբերի քաղաքին:

Զուգահեռաբար, մենք ուսումնասիրում ենք մասնավոր հատվածում գործարքներ՝ մշակող արդյունաբերության և ծառայությունների, անշարժ գույքի և զբոսաշրջության, հեռահաղորդակցման և մեդիատեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 2021 թվականին, ինչպես և 2020-ին, Հայաստանում մեր գործառնությունների մեծ մասը լինելու է մասնավոր հատվածում ինչպես ծավալով, այնպես էլ թվաքանակով:

Մենք նաև ներգրավված ենք քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը և կարողությունների զարգացմանը: Գործարարության աջակցության գրասենյակը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ Կառավարման Հիմնադրամի» կողմից և աջակցություն է ստանում ՎԶԵԲ-ից, ըստ պահանջարկի աջակցություն է տրամադրում իշխանություններին՝ բիզնես մթնոլորտի բարելավման միջոցառումների առնչությամբ: Մենք աշխատում ենք ՀՀ կենտրոնական բանկի հետ տեղական արժույթի և փողի շուկաների զարգացման ուղղությամբ: ՎԶԵԲ-ի Իրավաբանների թիմն աջակցում է դատական համակարգի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև անվճարունակության հետ կապված հարցերում կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորմամբ մենք վերջերս նախաձեռնել ենք մի նախագիծ, որն աջակցում է մրցակցության պաշտպանության գործակալությանը: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, և քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը խթանում է հնարավորությունները Հայաստանում մեր գործունեության համար:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի զուտ կուտակային ներդրումները Հայաստանում՝ շուրջ 190 նախագծերում, գերազանցում են 1,5 միլիարդ եվրոն, ընդ որում դրանց գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

-Կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել Հայաստանում ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծառայությունները:

 -ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագիրը աջակցում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ ապահովելով տեղական և միջազգային նոու-հաուի և լավագույն փորձի հասանելիությունը: 2003 թվականից ի վեր ավելի քան 1400 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել իրենց բիզնեսի զարգացման և միջազգայնացման գործընթացում, ավելի քան 11,5 մլն եվրո գումարի չափով ֆինանսավորում է տրամադրվել դոնորների կողմից՝ խորհրդատվական աջակցության համար, ավելի քան 300 խորհրդատուներ վերապատրաստում են անցել։ 2020 թվականին մոտ 82 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու և ճգնաժամին արձագանքելու համար: Հիմնական դոնորները Եվրոպական միությունն ու Շվեդիան են:

Որպես հրատապ արձագանք Covid-19-ի հետևանքով առաջացած իրավիճակին, տարբեր հատվածների ՓՄՁ-ների համար կազմակերպվել են ճգնաժամի արձագանքման դասընթացներ հետևյալ թեմաներով․ ճգնաժամերի կառավարում, ռազմավարական կառավարում, ֆինանսական պլանավորում, թվային մարքեթինգ, ձեռներեցություն և զբոսաշրջության վերականգնում: Մշակվել և գործարկվել է թվային տրանսֆորմացիայի ծրագիր: Ավելի քան 1000 ՓՄՁ-ների համար հասանելի են դարձել թվային լուծումների մասին գիտելիքներն ու պրակտիկ գործիքակազմը: 2021 թվականին Հայաստանում ՓՄՁ-ներին աջակցությունը շարունակվում է մի քանի գերակա ուղղություններով. խորհրդատվական աջակցություն բիզնեսի զարգացման համար, տեղական խորհրդատուների կարողությունների զարգացում ճգնաժամի կառավարման, փոփոխությունների կառավարման և ֆինանսների վերաբերյալ՝ հայաստանյան խորհրդատվական շուկա լավագույն փորձը ներմուծելու նպատակով, 2020 թվականի պատերազմից հետևանքով տեղահանված հայ բնակչության համար ձեռներեցության դասընթացներ: Նոու հաուի ակադեմիան (Know-How Academy) բիզնես կրթության առցանց հարթակ է միկրո և փոքր ՓՄՁ-ների համար՝ այն տրամադրում է գիտելիք և հիմնական հմտություններ ՓՄՁ-ներին Covid-19 ճգնաժամը հաղթահարելու համար: Առաջնահերթ է ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիան. 2021 թվականի համար պլանավորված են դասընթացներ, վեբինարներ և նախագծեր` բիզնեսի թվայնացումը խթանելու և ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիային նպաստելու նպատակով: Ձեռներեց կանանց համար շարունակվում է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում աջակցությունը: 2021 թվականի առաջին կեսին շուրջ 35 հայաստանյան ՓՄՁ-ներ խորհրդատվական աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու համար:

-Ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում ՎԶԵԲ-ի աշխատանքին:

-Հայաստանին անհրաժեշտ են որակյալ ներդրումներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը, կբարձրացնեն արտադրական ներուժը: Հայաստանում վարկավորման և ներդրումների ծավալը մեծացնելու մեր կարողությունը կախված է այն ծրագրերից, որոնք ունեն համապատասխան եկամտաբերություն և լավ հովանավորներ, թափանցիկ են, համապատասխանում են բնապահպանական, սոցիալական և լավ կառավարման ստանդարտներին: Կայուն տնտեսական աճը նույնպես առանցքային է պետական հատվածում գործարքներ իրականացնելու մեր կարողության համար, և այդ գործարքները կախված են պետության ​​փոխառությունների սահմանային շեմից։ Կա այսպիսի մի տեսլական. Հայաստանը որպես փոքր պետություն և գլոբալ ազգ: Դա հզոր տեսլական է, որը կարող է օգնել ներգրավել ներդրումներ և օգտագործել սփյուռքի, ինչպես նաև սփյուռքից դուրս գտնվող ներուժը:

Ցանկանում եմ ավելացնել, որ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում մենք տարիներ շարունակ սերտորեն համագործակցում ենք Եվրոպական միության հետ: Այս գործընկերությունը կարևոր է և թույլ է տալիս շատ բան անել Հայաստանի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և Բրյուսելում տեղակայված ընկերներին՝ իրենց անկոտրում նվիրվածության, ներգրավվածության և գործընկերության համար: