Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին

Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումների մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին և մատնանշել ոչ միայն հասարակական տրանսպորտը, այլև ճանապարհաշինական նոր նախագծերի ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման անհրաժեշտությունը: Քաղաքացիները հետաքրքրվել են նաև հանրային գոտիներում առկա ապօրինի կառույցների ապամոնտաժման և տարածքները քաղաքացիներին վերադարձնելու ծրագրային աշխատանքներով: Հարցեր են հնչել նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացման, էներգախնայողության և բնապահպանական մի շարք այլ ծրագրերից:

Քաղաքացիների ներկայացրած հարցերին մանրամասն անդրադարձել ու պարզաբանումներ են ներկայացրել ոլորտի պատասխանատուները:

Քաղաքային պլանավորման աշխատանքներում ներգրավված մի խումբ երիտասարդներ էլ, այդ թվում՝ ճարտարապետներ, բարձրացրել են այգիների ու բակային տարածքների կառուցման ու վերակառուցման խնդիրը: Նրանք նաև ցանկություն են հայտնել կամավորության սկզբունքով ներգրավվել նախագծերի ստեղծմանը՝ իրենց փորձն ու գաղափարները փոխանցելով քաղաքին:
Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանրային քննարկման բոլոր մասնակիցներին, մանրամասնել է ծրագրային որոշ դրույթներ: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ համայնքը պատրաստ է քննարկել համատեղ գործակցության առաջարկները, նաև նկատել, որ քաղաքը փուլ առ փուլ բարեկարգելու և բնակիչներին է հանձնելու կանաչ նոր գոտիներ: