ԱՊՀ-ում առաջինը չենք, բայց..․ Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր դառնում կրիպտոարժույթների հսկաների համար

ԱՊՀ-ում առաջինը չենք, բայց..․   Ինչո՞վ  է  Հայաստանը հետաքրքիր դառնում կրիպտոարժույթների հսկաների համար

Binance կրիպտոարժույթների բորսան  և կրիպտո դրամապանակներ մշակող Ledger ընկերությունը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանում աճող կրիպտո համայնքի հետ։ Նրանք իրենց հետ կբերեն օպերատորների ու ծրագրավորողների մի ամբողջ «քարավան»։ Դրա համար պետք են խաղի կանոններ, որոնք խաղից դուրս կթողնեն կասկածելի հաճախորդներին:

Հոկտեմբերին աշխարհի խոշորագույն կրիպտո բորսաներից մեկի՝ Binance-ի ներկայացուցիչները անվտանգության գծով փոխնախագահի (ծագումով հայի) գլխավորությամբ հանդիպեցին հայ ֆինանսական համայնքի հետ։ Բայց անգամ հայազգի լինելով՝ նա իր գործընկերներին չէր կարող Հայաստան բերել, եթե այստեղի կրիպտո-ոլորտում ամայություն տիրեր։  Իսկ կրիպտո համայնքը Հայաստանում վերջին ամիսներին շատ է աճել՝ հայտնի պատճառներով։

«Նրանք, իհարկե,  հասկանում են, որ մեծ թվով ռուս օգտատերեր են եկել  այստեղ, բայց տեղական կրիպտո համայնքը նույնպես մեծանում է»,- ասում է  SkyLabs  հայկական կրիպտոֆինանսական ընկերության հիմնադիր Անդրանիկ Տողրամաջյանը։

Տեսնելով դա՝ Binance-ը սկսեց կապեր հաստատել Հայաստանում, և տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ  նրանք առաջարկեցին ստեղծել  կրիպտո փոխանակման և կրիպտո ակտիվների գրանցման համար իրավական դաշտ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել  կրիպտոյով  օրինական առևտուր:

Առաջինը չենք

Ղազախստանում կրիպտոարժույթներն ու բորսաները արդեն թույլատրված են. Binance-ը դրա համար արտոնագիր է ստացել: Բնականաբար, Ղազախստանում, ինչպես շատ այլ երկրներում, այդպիսի փոխանակումների ժամանակ պետք է ստուգվի KYC/AML-ը, այսինքն՝ հաճախորդի միջոցների ծագումը և փողերի լվացման ռիսկերը:

Կրիպտո-ֆինանսիստները կարողացան համոզել բանկիրներին, որ նրանք չեն կորցնի իրենց մենաշնորհը ֆինանսական շուկայում, ավելին՝ կստանան նոր հաճախորդներ, որոնք բանկային քարտերով գնումներ կկատարեն կրիպտոբորսայում։ Crypto exchange-ները նույնիսկ իրավունք ստացան բացել բանկային հաշիվներ https://www.rbc.ru/crypto/news/62ac941f9a7947ccb2f33eff. և գնումներ կատարել կրիպտո բորսայում: 

Բելառուսում գործում է պետական կրիպտո-բորսա՝ ​​Bynex, որի վրա որոշակի ծավալներով կարելի է փոխանակել կրիպտո-ակտիվներ, բայց կրկին՝ ծագումը հիմնավորելով (օրինակ. «Ես ավանդիցս գումար եմ հանել ու փոխարկել կրիպտոյի, ահա անդորրագրերը»):

Վերջապես, Վրաստանում կրիպտո շուկան կօրինականացվի հաջորդ տարվա սկզբից (այդ մասին որոշումն արդեն կայացված է)։ Այս բոլոր երկրների, ներառյալ նաև Վրաստանի հետ մրցակցության մասին կարելի է խոսել միայն մասամբ, նշում է Տողրամաջյանը։

Վրաստանում դեռ մի քանի տարի առաջ ձևավորվել է ռուսալեզու մեծ տեխնո համայնք (ներառյալ՝ բլոկչեյնի և կրիպտոյի ուղղվածությամբ): Ուստի վերջին մի քանի ամիսներին վերաբնակվածները անծանոթ տեղ չեն գալիս։

Բայց Հայաստանն էլ ունի  իր առավելությունները ավելի սերտ կապեր ունի Ռուսաստանի և Եվրասիական միության այլ երկրների հետ, հետևաբար` կարող  է կապող օղակ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև կապիտալի փոխանցումների գործում (իհարկե՝ օրինական) ։

«Գումարած դրան, Հայաստանն  այն քիչ երկրներից է, որտեղ քիչ թե շատ ադեկվատ են վերաբերվում Ռուսաստանին և  ռուսներին։  Երևանում բնակարանների գները  արդեն գրեթե հավասարվել են Թբիլիսիի գներին, բայց դեռ մի փոքր էժան են։ Կյանքն էլ միանշանակ ավելի էժան է», - նկատում է Անդրանիկը։

Այս պայմաններում  Հայաստանը կարող է դառնալ կրիպտոարժույթների դրամապանակների հայտնի մշակող Ledger-ի տարածաշրջանային գրասենյակի նոր կենտրոն (Ռուսաստանից հետո)։  Նրանք պատրաստվում են ակտիվանալ Էմիրություններում, որտեղ  ևս տեղափոխվել են  բազմաթիվ ռուս ռելոկանտներ։  Բայց Հայաստանի գրասենյակը Ledger –ի համար կարող է ծածկել  ողջ հետխորհրդային տարածքը։

«Եթե մեզ հաջողվի ներգրավել  մեր երկիր Ledger -ի նման խոշոր խաղացողի, ապա  նրա ետևից անխուսափելիորեն  կգան տասնյակ հարակից թիմեր ՝ բլոկչեյն մշակողներ, սպասարկման օպերատորներ և այլն»,- նշում է Տողրամաջյանը։

Ինչպես հեռացնել կասկածելի անձանց

Դրա համար, նկատում է Անդրանիկը, բավական է ստեղծել  հաճախորդների  հաշվառման  միասնական  համակցված բազա՝ անձնագրային տվյալների  հաշվառման համակարգով, ինչպես դա անում են բանկերը։  Թե ինչպես դա կարող է աշխատել, կարելի է տեսնել նույն Վրաստանի խոսուն օրինակով:

Անյտեղ կան կրիպտո-ATM-ներ, որոնք խստորեն պահպանում են հաճախորդների ստուգման կանոնները և վճարում բոլոր հարկերը։ Բնականաբար, նրանք ստիպված են համապատասխան ծախսերը ներառել իրենց սակագներում։ Կան կրիպտո-չեյնջեր, որոնք «առաջվա ձևերով» հարկ չեն տալիս,  բայց, իրենց հնարավորությունների սահմաններում, ևս աշխատում են ստուգել հաճախորդների «մաքրությունը»։ Եւ վերջապես, կան կրիպտոմատներ, որոնք աշխատում են այնպիսի կրիպտոարժույթներով, որոնք ավանդաբար ասոցացվում են տնտեսության ստվերային հատվածների հետ։ Դրա համար էլ այստեղ բարձր է միջնորդավճարը (6-7%), քանի որ թմրամիջոցներ կամ մաքսանենգ ապրանք գնող-վաճառող մարդիկ պատրաստ են վճարել ցանկացած գին։

«Այստեղ մենք կարող ենք սահմանել կոշտ KYC/AML և արգելել այն ֆինանսական պրոդուկտները, որոնք չեն համապատասխանի։ Վրաստանում այդպես կսկսեն անել 2023-ից, և կասկածելի գործարքները կմաղվեն։ Հայաստանում ավելի լավ է կիրառել այդպիսի ստանդարտ հենց ամենասկզբից», - ասում  է Անդրանիկը։

Թվային դրամ

Վերջինիս մասին Հայաստանում արդեն վարվում են քննարկումներ, բայց կարգավորողը (Կենտրոնական Բանկը) չի տալիս այդ մասին որևէ ազդակներ, քանի դեռ իր համար հստակ չի որոշել՝ այո կամ ոչ։ Այդ ֆոնին էլեկտրոնային առևտրի մի քանի ստարտափներ, առաջ անցնելով, մշակում են մոտավոր էքվայրինգային մեխանիզմներ, որոնք կօգնեն վաճառողներին (merchants) ընդունել կրիպտոարժույթ։ Ավելին՝ SkyLabs-ը և մի քանի այլ ընկերություններ ցանկանում են իրենց հաճախորդներին առաջարկել թվային դրամներ՝ համապատասխան իրացվելիությամբ։

«Մենք կկարողանանք մեր օգտատերերին առաջարկել դրամի 1:1 իրացվելիություն։ Ավելին, այն հնարավոր կլինի փոխանակել թվային դոլարի՝ USDT-ի հետ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այդ մեխանիզմը կարող է աշխատել նորմալ KYC/AML-ի հետ», - ասում է Անդրանիկը։

Վրաստանում կրիպտոֆինանսների ազատականացման որոշումների ֆոնին SkyLabs-ը պատրաստվում է մինչև տարեվերջ այնտեղ տեղադրել «կրիպտոմատներ»։ Հեռանկարում, եթե Visa-ի և Master-ի հետ բանակցությունները հաջող  ավարտ ունենան,  հնարավոր կլինի այդ կրիպտոմատներում  ընդունել բանկային քարտեր, հավանաբար ՝ դրանք Apple pay-ին կցելով:  Բայց իհարկե, նման հսկաները ոտքի վրա  որոշումներ չեն ընդունում։  Մինչ այդ նրանք վերից վար ստուգելու են այս նախագիծը։

Երկարաժամկետ հեռանկարում, ըստ Տողրամաջյանի, այս հնարավորությունը  հիմք  կհանդիսանա ստեղծել նեոբանկ, որտեղ կօգտագործվի թվային  հայկական դրամը։

«Ռուսաստանում «Тинькофф»-ի օրինակը ցույց է տվել, որ թվային բանկը կաևող է պահանջված լինել։ Նման օրինակներ առաջ են գալիս Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Եթե Հայաստանում սկսի աճել թվային փողի օգտատերերի քանակը, մենք կկարողանանք ուշադրություն գրավել դեպի թվային բանկերը և նրանց թույլատրելու մեխանիզմները», - ասում է Անդրանիկը։

Սակայն այս ամենը՝ հեռանկարում, իսկ առայժմ, ինչպես նշել ենք, Հայաստանով արդեն իսկ հետաքրքրվում է երկու խոշոր կրիպտո-ընկերություն։