Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 49%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 49%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի 11 ամսում գերազանցել է 2,2 միլիարդ դոլարը, ինչը 49 %-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի («Գրուզստատե) հրապարակած տվյալների՝ Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։

Հունվար-նոյեմբերին ՌԴ-ի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 13%։ Հունվար-նոյեմբերին Վրաստանը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քան 67 հազար տոննա բնական գինի (ավելի քան 150 մլն դոլարի), 57 հազար տոննայից ավելի ֆեռոհամահալվածքներ՝ ավելի քան $108 մլն արժողությամբ, ավելի քան 4,6 հազար մարդատար ավտոմեքենա (ավելի քան 65 մլն դոլարի), 10 հազար տոննայից ավելի ալկոհոլային խմիչք (ավելի քան 53 մլն դոլարի), գրեթե 85 հազար տոննա հանքային և խմելու ջուր (մոտ 47 մլն դոլարի)։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը 11 ամսում Վրաստանի հանրապետությանն է մատակարարել ավելի քան 583 հազար տոննա նավթ և նավթամթերք (ավելի քան 561 մլն դոլարի)։ Դա 2,8 անգամ ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից։

Ռուսաստանը հունվար-նոյեմբերին Վրաստանին է մատակարարել նաև ավելի քան 264 հազար տոննա նավթային գազեր և ածխաջրածիններ (մոտ 72 միլիոն դոլարի), ավելի քան 159 հազար տոննա ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուր (գրեթե 60 միլիոն դոլարի), ավելի քան 103 հազար տոննա կոքս և կիսակոքս (ավելի քան 55 մլն դոլարի), 145 հազար տոննայից ավելի ցորեն և մեսլին (ավելի քան 52 մլն դոլարի): Վրաստանի առևտրային գործընկերների թվում ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին առաջին տեղն զբաղեցրել է Թուրքիան, որի հետ փոխադարձ առևտուրը գերազանցել է 2,5 միլիարդ դոլարը, ինչը 34,4 %-ով ավելի է, քան 2021 թվականին։

Երրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանը. այդ երկրի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,6 մլրդ դոլարը (տարեկան աճը՝ 23,4%)։ Ընթացիկ տարվա 11 ամսում Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 17 միլիարդ դոլարը, ինչը 32,2 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

Արտահանումը կազմել է ավելի քան $5 մլրդ (տարեկան աճը` 31,8%), իսկ ներմուծումը` գրեթե $12 մլրդ (տարեկան աճը` 32,4%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան $6,9 մլրդ (ամբողջ ապրանքաշրջանառության 40,8%-ը):

Աղբյուրը՝   b24.am