Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները երկրի նախագահին են դիմել Արցախի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու կոչով

Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները երկրի նախագահին են դիմել Արցախի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու կոչով

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի թարգմանությունը.

«ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից: Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում:

Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:

Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով:

Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն:

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

- Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

- Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

- Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:

Պարոն Նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու Պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել Ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին:

Պարոն Նախագահ, Դուք, վերջապես, կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են»:

Նամակի հեղինակներ՝

Էրիկ Սիոտի, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության նախագահ

Օլիվիե Ֆոր, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր

Հերվէ Մարսեյ, Ֆրանսիայի Միավորված ժողովրդավարների և անկախների կուսակցության նախագահ, Սենատի անկախների խմբակցության նախագահ

Ֆաբիեն Ռուսել, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար

Քրիստիան Կամբոն, Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ

Բրունո Ռըտայո, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության և Սենատի Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկության խմբի նախագահ

Էլիան Ասասի, Ֆրանսիայի Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ

Գիյոմ Գոնտար, Ֆրանսիայի Սենատի Բնապահպանության, համերաշխության և տարածքային կառավարման խմբակցության նախագահ

Պատրիկ Կաններ, Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական և Բնապահպանության հանրապետական խմբակցության նախագահ

Ժիլբեր-Լյուկ Դըվինազ, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ

Պիեռ Ուզուլիա, Սենատոր

Աղբյուրը՝   armenpress.am