Մարտունի համայնքում նախորդ տարի իրականացվել է 2 միլիարդ 977 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

Մարտունի համայնքում նախորդ տարի իրականացվել է 2 միլիարդ 977 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2022 թվականին իրականացվել է 2 միլիարդ 977 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 1 միլիարդ 725 միլիոն դրամը կազմում է ՀՀ Կառավարության, 1 միլիարդ 202 միլիոն դրամը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումը։

Ինչպես տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, 2022 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է ոլորտային 9 ծրագիր՝ 51 ենթածրագրով՝ 3,6 միլիարդ դրամ նախնական ընդհանուր արժեքով։

Տարվա ընթացքում իրականացվել է 46 ենթածրագիր, իսկ 5 ենթածրագիր տեղափոխվել է եւ կիրականացվի 2023 թվականին։

Իրականացված ծրագրերի արդյունքում ասֆալտապատվել է 17 կիլոմետր երկարության եւ 70 հազար քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, սալարկվել 5 հազար քառակուսի մետր մայթ՝ 3 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է 32 կիլոմետր երկարության՝ խմելու, 21 կիլոմետր երկարության՝ ոռոգման ջրատար, 34 կիլոմետր երկարության լուսավորության ցանց, 7 կիլոմետր երկարության գազի գիծ, կառուցվել կամ հիմնանորոգվել են մշակույթի տներ, մանկապարտեզների շենքեր, հիմնանորոգվել է համայնքապետարանի շենքը, գույք է ձեռք բերվել համայնքապետարանի, Ծովինարի եւ Զոլաքարի մանկապարտեզների, Վարդենիկի երաժշտական դպրոցի կարիքների համար։ Ծրագրերն իրականացվել են Մարտունի համայնքի բոլոր 17 բնակավայրերում։

«Իրականացված ծրագրերի շնորհիվ զարգացել են համայնքի ենթակառուցվածքները, բարելավվել է  կյանքի որակը, կարգավորվել են տասնամյակներ ի վեր լուծման կարոտ բազմաթիվ հիմնահարցեր։ Որոշ ծրագրեր, որոնք մնացին անավարտ, փոխադրվել են 2023 թվական, եւ եղանակային բավարար պայմանների դեպքում կհասցվեն  ավարտի։ Նման ներդրումներն աննախադեպ են մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի պատմության մեջ Հայաստանի անկախության տարիներից ի վեր։ 2023 թվականին եւս նախատեսում ենք իրականացնել  մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր՝ շուրջ 3,7 միլիարդ դրամ նախնական ընդհանուր արժեքով»,-ներկայացրեց Հովհաննես Հովեյանը։

Աղբյուրը՝   armenpress.am