Գեղարքունիքի մարզում պետական ծրագրերով կիրականացվեն ճանապարհաշինական խոշոր ծրագրեր

Գեղարքունիքի մարզում պետական ծրագրերով կիրականացվեն  ճանապարհաշինական խոշոր ծրագրեր

Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտում 2023 թվականին պետական ծրագրերով կիրականացվեն խոշոր ծրագրեր։

Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, այդ խոշոր ներդրումների արդյունքում կհիմնանորոգվի միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության շուրջ 48 կիլոմետր ճանապարհ։ 2023 թվականի հունվարի 4-ի դրությամբ արդեն կնքված են բոլոր պայմանագրերը՝ ինը ծրագրերի մասով, որոնցից 4-ի աշխատանքները սկսվել եւ շարունակվում են 2022 թվականից։ Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։

«2022 թվականից սկսված եւ 2023 թվականին ընթացքի մեջ գտնվող ծրագրերն են՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հիմնանորոգումը՝ 3 միլիարդ 299 միլիոն դրամ արժեքով, Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատություն, Զորավար Անդրանիկ փողոցների եւ կենտրոնական հրապարակին հարող հատվածների հիմնանորոգումը՝ 1 միլիարդ 536 միլիոն դրամ արժեքով, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցումը եւ Ծովագյուղի խաչմերուկից մինչեւ Սեւան-Դիլիջան թունել տանող ճանապարհի մակերեսային մշակումը՝ 84,8 միլիոն դրամ արժեքով։ Այս ծրագրերը մասամբ իրականացվել են նախորդ տարում, որոնք ավարտին կհասցվեն 2023 թվականի ընթացքում,  իսկ այս տարի ամբողջությամբ պետք է իրականացվեն նաեւ մյուս հինգ ծրագրերը, որոնք կենսական կարեւոր նշանակություն ունեն մարզի ճանապարհաշինության զարգացման տեսանկյունից»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Մարտունի-Վարդենիս ճանապարհի ջրածածկման ենթակա Կարճաղբյուր-Ծովակ հատվածի բարձրացման եւ կառուցման համար հատկացվել է 2,5 միլիարդ դրամ։ Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրով անցնող ճանապարհի 3 կլիոմետրանոց հատվածի հիմնանորոգման համար հատկացվել է 530 միլիոն դրամ, Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 5,7 կիլոմետրի հիմնանորոգման համար՝ 898, 5 միլիոն դրամ։

Ռազմավարական նշանակության Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի շինարարության համար հատկացվել է 3 միլիարդ 150 միլիոն դրամ, որից 6 կիլոմետրը կառուցվելու է Գեղարքունիքի մարզում՝ Թթուջուր-Նավուր հատվածում։ Բոլոր ծրագրերի մրցույթները կայացած են, շինարարական աշխատանքների  պայմանագրերը՝ կնքված։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներից։

«Իհարկե, մարզի ճանապարհաշինության մեջ սպասվում են նաեւ այլ ներդրումներ՝ սուբվենցիոն եւ պետական այլ  ծրագրերի շրջանակներում»,- նկատեց քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը:

Աղբյուրը՝   armenpress.am