Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի

Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի հետվճարի միջոցառման ընթացքին: Վարչապետը նշել է, որ համակարգի ներդրման գործընթացը բարեհաջող է ընթանում:

 «Հիշում եք, որ մենք 2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի գրեթե զրոյական, չնչին շրջանառություն ունեինք: Եվ արդեն հուլիսին 524 մլն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝ 1 մլրդ 412 մլն դրամի, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն դրամի, նոյեմբերին՝ 2 մլրդ 231 մլն դրամի, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն դրամի:

Ըստ այդմ, մենք և ծրագրին մասնակցող բանկերը, որոնց կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել, հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին. հուլիսին՝ 44 մլն դրամ, օգոստոսին՝ 74,4 մլն դրամ, սեպտեմբերին՝ 118,7 մլն դրամ, հոկտեմբերին՝ 151, 3 մլն դրամ, նոյեմբերին՝ 185,6 մլն դրամ, դեկտեմբերին 226 մլն դրամ: Դեկտեմբերին արդեն 67 հազար մարդ հետվճար է ստացել: Հետվճարի միջին չափը՝ 3401 դրամ է:

Ստացվում է, որ այս համակարգից օգտվողների համար այս մեխանիզմով թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով: Իհարկե, սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունն այսօր մենք տեսնում ենք: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում POS տերմինալների հասանելիության մինիմալ մակարդակն ապահովել ենք, և անկանխիկ շրջանառությունը զարգացնելու հնարավորություն կա:

Իսկ այս հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքացիներին կենսաթոշակները, նպաստները վճարում ենք միայն անկանխիկ եղանակով: Ինչի արդյունքում, միանշանակ է, որ այս թվերը պետք է աճեն: Եվ սա այն դեպք է, երբ մենք սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական են դարձնում: Ես ուզում եմ ընդգծել, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել:

Եվ ես ուզում եմ հետևյալ խնդիրն առաջադրել՝ պետական որևէ հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը», -ասել է կառավարության ղեկավարը: