Ֆրանսիայի խորհրդարանականները կոչ են անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Ֆրանսիայի խորհրդարանականները կոչ են անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, թե  ԼՂ հարցը լուծված է և հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության կարիքը չկա՝  Ֆրանսիայի ԱԺ նախագահ  Յաել Բրաուն-Պիվեն կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը: Յաել Բրաուն-Պիվեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը: Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսության հարթակներից մեկն է: Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Եվ այսօր շատ կարևոր է, որ դրան մասնակից յուրաքանչյուր կողմ համաձայնի վերադառնալ այդ երկխոսությանը: Եվ մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը»,-ասաց Յաել Բրաուն-Պիվեն:

Սակայն նա ընդգծեց նաև, որ սա երկխոսությանը վերադառնալու միակ ձևը չէ: Պետք է բոլոր միջոցները փորձվեն, որ իրավիճակի լարումը դադարի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց՝ այսօր մի իրավիճակ է, երբ կան 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին: «Սակայն, այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության: ՌԴ-ի կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և հետագա ճակատագրի հետ կապված հարցերը»,-ասաց Սիմոնյանը:

Սակայն նա ընդգծեց, որ այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությամբ կան 1-2 ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով, և դրանք պակաս կարևոր չեն:

Ուստի ԱԺ նախագահը կարծում է, որ, Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է որևիցե ձևով չնվազեցնել գոյություն ունեցող մնացած բոլոր ֆորմատները, ինչպես նաև այն ֆորմատը, որ ձևավորվել է Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ:

Աղբյուրը՝   armenpress.am