Ալեն Սիմոնյանը չի բացառում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի ԱԺ պատգամավորների հետ առցանց քննարկման հնարավորությունը

Ալեն Սիմոնյանը չի բացառում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի ԱԺ պատգամավորների հետ առցանց քննարկման հնարավորությունը

ՀՀ ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի, երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկման հնարավորությունը՝ Արցախի շրջափակման պայմաններում:

 Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

 Պատգամավորը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիսանում է Հայաստան-Արցախ միջխորհրդարանակն հանձնաժողովի նախագահ, հետաքրքրվեց, թե արդյոք ի վերջո նախատեսվո՞ւմ է հանդիպում, եթե ոչ դեմ առ դեմ՝ նկատի ունենալով Արցախի շրջափակումը, ապա գոնե առնվազն երկու խորհրդարանների պատգամավորների միջև քննարկում՝ ստեղծված իրավիճակի պայմաններում համատեղ ելքեր գտնելու համար:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ հանդիպում նախատեսվել էր սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է:

«Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է: Եվ այս պահին որևիցե նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,-ասաց ԱԺ նախագահը:

Պատգամավոր Մինասյանը նկատեց՝ միջխորհրդարանական համաձայնագիր կա, և դա, մեծ հաշվով,  ճանաչվել է նաև այն միջազգային դերակատարների կողմից, որոնք ընդունել են, որ Հայաստանը նույնպես հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: «Եվ գուցե սա այն հնարավորությունն է, որ փորձ արվի՝ Երևանից Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծել կամ թեկուզ առցանց մակարդակով քննարկում անցկացնել»,-նշեց նա:

ԱԺ նախագահը նշեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում, թե մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել:

«Իսկ առցանցի մասին կարելի է քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»,-ասաց Սիմոնյանը:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Աղբյուրը՝   armenpress.am