Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում

Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում

Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 

«Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին երկկողմ հանդիպում են ունեցել։
Կողմերը ջերմ ողջունել են միմյանց ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը։
Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է մեր երկրի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը, գործուն քայլեր կարող են անել նաև դեղագործության ոլորտում գործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։
Նշվել է, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և ավելի գործնական հիմքերի վրա դնելու ջանքերը։