Վահան Քերոբյանը Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում խոսել է Լաչինի միջանցքում առաջացած հումանիտար աղետի մասին

Վահան Քերոբյանը Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում  խոսել է Լաչինի միջանցքում առաջացած հումանիտար աղետի մասին
Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարությանը այդ կարևորագույն գագաթնաժողովը կազմակերպելու համար։
 Նախարարը խոսել է հումանիտար հսկայական այն աղետի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։
 «Ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կանգնած է Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության և ընդհանուր հումանիտար աղետի անմիջական սպառնալիքի առաջ։ Այս կրիտիկական պայմաններում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես պարենային անապահովության դեմ պայքարի համար պատասխանատու կազմակերպություններին, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական կարիքները և փրկելու նրան հումանիտար աղետից»,- նշել է նախարարը։