ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով

ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով

Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: 

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին:

Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:

Աղբյուրը՝   armenpress.am