Կանաչ էներգետիկայի զարգացումը կարող է մինչև 2030 թ.-ը մոտ 100 միլիոն աշխատատեղ ստեղծել աշխարհում

Կանաչ էներգետիկայի զարգացումը կարող է մինչև 2030 թ.-ը մոտ 100 միլիոն աշխատատեղ ստեղծել աշխարհում

էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնումը կնպաստի մինչև 2030 թ.-ը մոտ 100 միլիոն աշխատատեղերի ստեղծմանն ամբողջ աշխարհում։ Վկայակոչելով Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային գործակալության զեկույցը՝ The National պարբերականը գրում է, որ մինչև 2050 թ.-ը 131 տրիլիոն ԱՄՆ դոլար է հարկավոր ծախսել ցածր ածխածնային էներգիայի անցնելու համար, որը կսահմանափակի մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը: The National-ը նաև նշում է, որ 2016-ից մինչև 2021 թթ. ընկած ժամանակահատվածում հողմաէներգետիկայի ոլորտի մասնագետների և արեգակնային էներգետիկայի խորհրդատուների թիվը տարեկան աճել է համապատասխանաբար 24%-ով և 23%-ով, ինչը տվյալ ոլորտին թույլ է տվել դառնալ ամենաարագ զարգացողներից մեկը:

Ըստ Global Green Skills-ի՝ 2022 թ.-ի զեկույցի՝ վերականգնվող էներգիայի և բնապահպանության բնագավառում աշխատետեղերի քանակն ավելացել է 237 տոկոսով: Փորձագետները նաև կանխատեսում են  ածխածնի հավաքման և պահման ոլորտում աշխատող մասնագետների թվի աճ։ Նշվում է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը թույլ կտա աշխատատեղեր ստեղծել տնտեսության այն հատվածներում, որոնք անմիջականորեն կապված չեն համապատասխան տեխնոլոգիաների կիրառման հետ։

Այսպես, դա  կարող է նպաստել տվյալների մշակման մասնագետների պահանջարկի մեծացմանը, որոնք աշխատում են «կանաչ» ընկերություններում: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2021 թ.-ի դրությամբ էներգիայի վերականգնվող աղբյուրների ճյուղում աշխատողների թիվը կազմել է 12,7 միլիոն: Այդ աշխատատեղերի ընդհանուր թվի գրեթե երկու երրորդը ստեղծվել է Ասիայում: Չինաստանին բաժին է ընկնում 42 տոկոսը, երկրորդ տեղում են ԵՄ-ն և Բրազիլիան (10-ական տոկոս), երրորդում՝ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը (7-ական տոկոս):

Աղբյուրը՝  armenpress.am