ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ

ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի  հետ համագործակցությամբ ներդրել  է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ
Հայաստանը տարածաշրջանում առաջին երկրներից է, որը գրանցամատյանում առկա տեղեկատվությունը հրապարակային է դարձրել
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ:
Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են դրանց կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, ձևավորվել է տրամադրված պետական օժանդակությունների գրանցամատյան: Այսպիսով՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությունը դրվել է իրավական նոր հիմքերի վրա։
Երկրորդ փուլով հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել պետական օժանդակության օրենսդրության կիրարկմանը, որի շրջանակում Համաշխարհային բանկը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով:
Հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ծրագրի շրջանակում ներդրված ջանքերի և միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով ՀԲ-ի հետ հանձնաժողովի տևական համագործակցության կարևորությունը և արձանագրված դրական արդյունքները պետական օժանդակության ինստիտուտի զարգացման գործում։