Հրազդանում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով

Հրազդանում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում՝ Հրազդանի վարչական տարածքում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:  Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ։ Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի  ևԿոտայքի մարզի Ակունք համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով, նախաձեռնող կողմի առաջարկով, նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման աշխատանքներում ներգրավված «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական և իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին:
«Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկը նշեց, որ հանդիպման նպատակն է Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել և պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի հետ սերտ համագործակցություն ծավալելու՝ մարզից հստակ և ընդգրկուն տեղեկատվություն ստանալու և ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու, մարզում աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը և խորհրդատվական ընկերության հետ ձևավորել աշխատանքային ակտիվ համագործակցություն, ինչպես նաև աջակցել համայնքների հետ հաղորդակցային ուղիղ կապ հաստատելու՝ նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:
Հավելենք նաև, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P), Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները, ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականին:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նմանատիպ քննարկումներին տալ պարբերական բնույթ՝ աշխատանքներում ներգրավելով միջազգային և տեղի փորձագետների փորձն ու գիտելիքները: