Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ գլխացավա՞նք, թե՞ հնարավորություն

Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ գլխացավա՞նք, թե՞ հնարավորություն

2023 թվականից Հայաստանում մեկնարկել է հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով, և 2025 թ-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը իրենց եկամուտների (ոչ գույքի) մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը:

2023 թվականի համար իրենց եկամուտների մասով պետք է հաշվետու լինեն 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայող հանդիսացող անձինք, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները; ավելի քան 1 մլրդ դրամ հասույթ գրանցած ընկերությունների մասնակիցները (բաժնետերերը), ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ (ոչ վարկեր) ստացած քաղաքացիները։  Առաջին փուլում ընդգրկվել են նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։ Այս կետով, հայտարարագիր պարտավորվում են ներկայացնել այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում գրանցված որևէ կազմակերպությունում 20 և ավելի տոկոս մասնակցություն ունեն, կամ այլ կերպով են հանդիսանում այդ կազմակերպության որոշումների փաստացի կայացնողը և ստացված արդյունքների իրական շահառուն: Այսպիսով, ըստ ՊԵԿ գնահատականի, խոսքը շուրջ 120 հազար քաղաքացու մասին է, որոնց համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 22-ը՝ հաշվի առնելով էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար անձի նույնականացման հետ կապված խնդիրները։
Այսպիսով, համընդհանուր հայտարարագրումը հերթական գլխացավանք է քաղաքացու համար, թե՞՝ հնարավորություն վճարված հարկերի որոշ մասը հետ ստանալու, կամ ինչպես անել, որ հնարավորությունը, առնվազն, չդառնա գլխացավանք, և արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացին, որն ունի ՀՀ  քաղաքացու հետ հավասար հարկային պարտավորություններ, կարող է օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից։  Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանի օգնությամբ  ejc.am (ՏԼԱ)-ը փորձել է գտնել այս և նման այլ հարցերի պատասխանները։

 Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառա­յություն­ների միաս­նական համա­կարգ» (հղումը՝ https://self-portal.taxservice.am/sign-in/), «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Առաջին քայլով անհրաժեշտ է ընտրել այն տարեթիվը, որի համար պետք է լրացվի հայտարարագիրը, ապա նշել հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Եթե քաղաքացին հանդիսանում է հայտարարատու մի քանի հիմքով, ապա, միաժամանակ, պետք է ընտրել համապատասխան կետերը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, սակայն ունի, օրինակ, վարձակալությամբ հանձնած անշարժ գույք և պետք է ներկայացնի եկամտային հարկի հաշվարկ, ապա անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։ Հայտարարագիրը բաղկացած է յոթ բաժիններից։

 Բաժին 1
Եկամուտները կարող են լինել հարկվող և չհարկվող։ Առաջին բաժնում լրացվում են հարկային գործակալից (գործատուից) ստացվող հարկվող եկամուտները, օրինակ աշխատանքային, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա։ Այդ տվյալների մասով, վստահեցնում են ՊԵԿ-ում, հայտարարատուն չպետք է անհանգստանա, քանի որ նրանք ինքնաշխատ արտացոլվելու են հայտարարագրի առաջին բաժնում։ Եթե հայտարարատուն համաձայն չէ նախալրացված տեղեկատվության հետ, ապա կարող է սեղմել «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» կոճակը։ Տեղեկատվությունը փոխելու դեպքում համակարգը հիշեցնում է, որ փոփոխությունը կրում է տեղեկատվական բնույթ և լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջացնում հայտարարատուի համար։ Եթե կան այլ գործատուներ, որոնք նշված չեն համակարգում, ապա մուտքագրելով գործատուի ՀՎՀՀ-ն կամ անվանումը` ավելացնում եք նոր հարկային գործակալ և լրացնում պահանջվող տեղեկատվությունը։

Բաժին 2
«Եղբորս քարտին գումար եմ գցում, գրում եմ՝ հաշվի համալրում, զանգում եմ, խնդրում եմ հետը գառ բերի, է, ինքն էլ հայտարարագիր պիտի՞ ներկայացնի, հիմա էդ գումարները անհատույց են, թե ո՞նց», «Ծննդյանս կապակցությամբ մտերիմներս գումար են փոխանցել քարտիս», «ընկերոջս գումար էր անհրաժեշտ, տվեցի, հետո նստացրեց հաշվիս, հիմա ես դրանց մասով հաշվետու՞ եմ, հարկվելու՞ եմ, թե՞ ոչ»,  ահա հիմնական անհանգստությունները, որոնց մասին բարձրաձայնվում է ինտերնետ տիրույթում։ «Հայտարարագրում արտացոլվում են ֆիզիկական անձի ստացած եկամուտները, այդ թվում՝ չհարկվող (նվազեցվող) եկամուտները։ Իսկ ֆիզիկական անձանցից նվիրատվությամբ ստացված դրամական միջոցները հանդիսանում են նվազեցվող (չհարկվող) եկամուտներ։», - հուշում է Մանուկյանը։ 

Այլ հարց է, որ հայտարարատուն պետք է դրա մասին նշի ներկայացվող հայտարարագրի երկրորդ բաժնում «նվազեցվող եկամուտներ» անվամբ, որտեղ տեղ են գտնելու չհարկվող եկամուտները, օրինակ՝ նպաստ, թոշակ, ապահովագրական հատուցում, ալիմենտներ, ֆիզանձից նվիրատվությամբ ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ), գույքի օտարումից եկամուտ (օրինակ, սեփական բնակարանի վաճառքի դեպքում), ժառանգությամբ ստացվող գույք, պետական մարմինների որոշումների հիման վրա անհատույց ստացվող եկամուտներ, ոչ առևտրային կազմակերպություններից (ՀԿ, հիմնադրամ) ստացվող անհատույց եկամուտ։ Նվազեցվող եկամուտների դասին են պատկանում նաև վարկերն ու փոխառությունները, շահումներն ու մրցանակները, ինքնավար էներգաարտադրողների կողմից և գյուղարտադրանքից ստացվող եկամուտները։ Ամբողջական ցանկը տրված է ՀՕ 147 հոդվածում։

 Բաժին 3
Երրորդ բաժինը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտներին և դրանց մասով ֆիզիկական անձի կողմից ինքուրույն հաշվարկվող եկամտային հարկին, որոնք ևս լրացնում է ֆիզանձը. այս բաժնում լրացված տվյալներն առաջացնում են հարկային պարտավորություն։ Այս բաժինը լրացնում են նաև նրանք, ովքեր 2023-ի արդյունքերով հայտարարատու չեն համարվում, սակայն հարկային գործակալ չհանդիսացողից ստացել են հարկվող եկամուտներ։ Օրինակ, եթե քաղաքացին հաշվետու տարվա ընթացքում իր անշարժ գույքը հանձնել է վարձակալության, ապա «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի տարվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ 10 տոկոսի չափով։ Այդ անձինք նախկինում էլ ունեցել են պարտավորություն ինքնուրույն հաշվարկելու և վճարելու հարկերը ու ներկայացնելու տարեկան հաշվարկ, հիմա դա արվելու է տվյալ բաժնում։ Ֆրիլանսերներ, հադիսավար և շոուբիզի ներկայացուցիչ – նրանց եկամուտները նույնպես տեղ կգտնեն այս բաժնում և կհարկվեն 20 տոկոս դրույքաչափով։ 

Բաժին 4
Չորրորդ բաժնում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքանաշխատ։ Եթե հայտարարատուի հանրային ծառայության համարանիշով որպես սոցիալական ծախս կատարող դուրս գրված է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա այդ տեղեկավությունը ևս համակարգը կարտացոլի ավտոմատ։ Համակարգը մի հատվածում ցույց է տալիս, թե հայտարարատուն որքան է սոցիալական ծախս կատարել, իսկ մյուսում՝ փոխհատուցման չափը։

Սա վերաբերում է բացառապես տվյալ փուլում հայտարարատու հադիսացող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիներին։ Եթե, ասենք, ոչ ռեզիդենտի կամ օտարերկրացու մոտ  առաջանա հայտարարագիր ներկայացնելու պահանջ, ապա նա լրացնելու է միայն բաժին 3-ը։ Հետևապես, օտարերկրացի ՀՀ ռեզիդենտը չի կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Ըստ Մարիամ Մանուկյանի, գաղափարն առաջ է քաշվել որպես ՀՀ քաղաքացի-հայտարարատուներին խրարուսելու գործիք։ Մասնավորապես, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակներում ներդրվել է նաև «սոցիա­լական կրե­դիտ­­ների» համակարգը, հետևաբար՝ վերջինս վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացի հայտարարատու ֆիզիկական անձանց։

 ՊԵԿ ներկայացուցիչը հիշեցնում է, որոշ դեպքերում, օրինակ՝ հիփոթեքի շրջանակներում, ֆիզանձինք արդեն իսկ օգտվում են եկամտահարկի վերադարձից։ Այդ գումարները նրանց մասով հաշվի է առնվելու, այսինքն՝ նրա եկամտահարկից կնվազեցվի վերադարձված գումարը և նա սոցիալական ծախսի փոխհատուցումից կօգտվի դրական տարբերության չափով։

Բաժին 5
Հինգերորդ բաժնում ինքնաշխատ լրացվում է պետական բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը։  Ինքնաշխատ լրացվում են նաև ֆիզանձին վերադարձված եկամտային հարկի գումարները, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների գծով, ուսման վարձի, ինչպես նաև սոցիալական ծախսի փոխհատուցման ենթակա գումարները և այլն։

Բաժին 6
Վեցերորդ բաժինը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է։ Տվյալ խումբը չի հանդիսանում սոցվճար վճարող, բայց կարող է կամավոր նման որոշում կայացնել։ 

Բաժին 7
Այս բաժնում կոնկրետ ձևատեսքով կարտացոլվի հայտարարատուի «անհամաձայնությունը» բաժին 1-ում լրացված տեղեկությունների հետ։

 Հիշեցման կարգով` ՏԼԱ-ից

 Եվ կարևորը՝ հաշվարկ-հայտարարագիրը լրացնելիս չմոռանանք, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկային մարմինն ունի հասանելիություն ֆիզանձանց բանկային հաշվին։ Ենթադրաբար, արդեն իսկ 2023 թ-ի հայտարարատուների մասով բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները փոխանցվելու են ՊԵԿ։

Իսկ դա նշանակում է զգոնություն, զգոնություն և կրկին անգամ զգոնություն։