Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային այց իրականացրեց Մաստարա և Ծաղկասար բնակավայրեր

Այցի նպատակը 2023թ․-ի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալը, բնակավայրերի առկա խնդիրները դիտարկելը, բնակիչների հետ զրուցելը և նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալն էր։
Աշխատանքային շրջայցին մասնակցում էին նաև համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամներ։
Աշխատանքային առաջին կանգառը Մաստարա բնակավայրն էր, որտեղ համայնքի ղեկավարը և շրջայցի մասնակիցները դիտարկեցին 2023թ․-ի սուբվենցիայի շրջանակում իրականացվող ներհամայնքային ասֆալտապատման աշխատանքները։ Լայն քննարկումներ եղան աշխատանքների վերաբերյալ, համայնքի ղեկավարը մի քանի դիտարկումներ արեց, ըստ որոնց կշարունակվեն հետագա գործողությունները։


Ներկաներն այնուհետև ծանոթացան Մաստարայում ընթացող մեկ այլ բարեկարգման աշխատանքային ընթացքին՝ նոր ջրագծերի տեղադրմանը։
Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը և աշխատակիցները եղան նաև Մաստարայի մշակույթի կենտրոնում, զրուցեցին բնակիչների հետ, լսեցին նրանց կողմից բարձրացրած խնդիրները և արձանագրեցին դրանք։

Համայնքի ղեկավարը աշխատանքային այցերի շրջանակներում բնակավայրերում նկատած խնդիրների լուծման նպատակով տարատեսակ հանձնարարականներ տվեց վարչական տարածքների ղեկավարներին և հորդորեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել յուրաքանչյուր խնդիր։