Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այց իրականացրեց Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր և Զարինջա բնակավայրեր

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այց իրականացրեց Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր և Զարինջա բնակավայրեր
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային այց իրականացրեց Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր և Զարինջա բնակավայրեր։ Այցի հիմնական նպատակը բնակիչների հետ հանդիպումը, նրանց հետ դեմ առ դեմ շփվելը, բնակավայրերի և բնակիչների խնդիրներին տեղում ծանոթանալն ու դրանց համար հնարավոր լավագույն լուծումները գտնելն էր։
Շրջայցին մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ և յուրաքանչյուր բնակավայրում տվյալ բնակավայրի վարչական ղեկավարը։
Համայնքի ղեկավարը աշխատակիցների ուղեկցությամբ նախ այցելեց Ցամաքասար բնակավայր, որտեղ բնակիչների հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով, բնակիչների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին ջրագծերի բարեկարգմանը և գազաֆիկացմանը։
Հաջորդիվ ներկաներն այցելեցին Նոր Արթիկ բնակավայր, որտեղ, համայնքի ղեկավարի այն հարցին թե -«Ի՞նչ խնդիրներ կան բնակավայրում որոնք լուծելուց հետո ձեր կյանքն ավելի կհեշտանա», բնակիչները պատասխանեցին ներկայացնելով տարատեսակ խնդիրներ, այդ թվում՝ ներհամայնքային ճանապարհների բարեկարգման կարիք, գազաֆիկացման որոշակի անհրաժեշտություն, գիշերային լուսավորության ցանցի բարեկարգում և այլն։
Նոր Արթիկ բնակավայրում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կառուցված կոթողին։
Շարունակելով աշխատանքային այցերը, պաշտոնատար անձինք եղան Սուսեր բնակավայրում, ելնելով հանդիպման առանցքային նպատակից, համայնքի ղեկավարը հետաքրքրվեց բնակավայրի խնդիրներով, Սուսերի բնակիչների համար առաջնային խնդիրների ցանկում էր՝ անասունների խմոցների համար անհրաժեշտությունը, գերեզմանատան տարածքի մեծացումը և ցանկապատումը։
Զարինջա բնակավայրը այսօրվա այցերի վերջին կանգառն էր, որտեղ ևս համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցները անմիջական և կառուցողական զրույց ունեցան բնակիչների հետ։ Քննարկվեցին ջրի ներքին ցանցի խնդիրները։
Համայնքի ղեկավարը Զարինջայի վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելեց դպրոցի տարածքում գտնվող նախակրթարան, ծանոթացավ պայմաններին, ինչպես նաև այցելեց արդեն տարիներ շարունակ չշահագործվող նախկին դպրոցի շենք, և դիտարկեց դրա օգտագործման հնարավոր տարբերակները։
Նշենք, որ այցերի ընթացքում համայնքի ղեկավարի ուշադրությանը արժանացան բնակավայրերում առկա տարատեսակ խնդիրներ, համայնքի բնակիչները նույնպես ներկայացրին իրենց խնդիրները և հուզող հարցերը։ Վերոհիշյալ բոլոր խնդիրները մանրամասն քննարկվեցին, պարզաբանվեցին և արձանագրվեցին։