Առանց ծնողական խնամքի երեխաներն անվճար բարձրագույն կրթություն կստանան նաև 23 տարեկանը լրանալուց հետո

Առանց ծնողական խնամքի երեխաներն անվճար բարձրագույն կրթություն կստանան նաև 23 տարեկանը լրանալուց հետո

Կառավարությaոն   մայիսի 18-ի նիստում հավանություն տրվեց «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս բուհում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կարող են անվճար հիմունքներով սովորել մինչև 23 տարեկանը լրանալը, սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու և վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը՝ երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է և քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից։

Ամրագրվել է, որ արտոնություններից օգտվողների շարքում ակամա կարող են չընդգրկվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները։

Վերը նշվածից զատ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ներկայում չեն կարող նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել անվճար հիմքունքներով՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ համապատասխան կարգավորումների բացակայությունը։

Այս նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինծառայությունից վերադարձած, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչև ուսումնառության ավարտը։

Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար։

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։