Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Ծրագրերի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու․ վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և առաջիկայում կֆինանսավորվի, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
 Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։