Կբարձրանա մշակող արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակը

Կբարձրանա մշակող արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի մշակող արդյունաբերության ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացմանը, արտահանելի ճյուղերում ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարությունը վարում է տնտեսության արդիականացման ծրագիրը. 

«Ծրագրի ներքո մենք ընկերություններին խրախուսում ենք ձեռք բերել նոր սարքավորումներ և հոսքագծեր, կառավարությունը սուբսիդավորում է դրա դիմաց վերցրած վարկերի տոկոսների ծանրակշիռ մասը: Ծրագիրը գործում է 1 տարի: Եվ այս 1 տարվա ընթացքում մենք կարողացել ենք ապահովել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումների ձեռքբերում՝ 1695 ձեռքբերման պայմանագրերով: Դրանց 57 տոկոսը մշակող արդյունաբերության ոլորտն է, երկրորդը՝ շինարարության, առողջապահության ոլորտում ևս ունենք 4 մլրդ-ից ավելի սարքավորումների ձեռքբերում: Ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումներն ու հոսքագծերը, իսկ կառավարությունը սուբսիդավորում է իրականացնում»:

Ըստ նախարարի՝ միայն վերջին ամսում ձեռք են բերվել 13 մլրդ դրամի սարքավորումներ: Ծրագիրը լավարկելու նպատակով առաջարկվում է, մասնավորապես՝ սարքավորումների տեղադրման հետ կապված կապիտալ շինարարության համար վարկերի սուբսիդավորում իրականացնել: «Մենք այս նախագծով առաջարկում ենք նաև սուբսիդավորել սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերի, բայց ոչ ավելի, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որ ընկերությունները նաև ճիշտ միջավայր ապահովեն այդ սարքավորումների աշխատանքի համար»,-ասել է Վահան Քերոբյանը:

Փոփոխվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ այն երկարաձգվում է 1 տարով: Ծրագրի արդյունքում կունենանք՝ բարձր արտադրողականությամբ նոր սարքավորումներով համալրված ձեռնարկություններ, տարեկան առնվազն 1000 նոր/չօգատգործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագրի գործունեությունը և գործողությունը տեսանելի է ամենօրյա կյանքում: «Սա թերևս այն ծրագրերից է, որի գործունեությունը և գործողությունը մենք ամենօրյա կյանքում տեսնում ենք: Ամենտարբեր ոլորտներում, սկսենք նրանից, որ մեծ ծավալով շինարարության աճի հետ Հայաստանում նկատելի է դառնում շինարարական նոր տեխնիկա, որը նախկինում Հայաստանում չի եղել:

Դա ամենուր տեսանելի է, և այդ տեխնիկայի մեծ մասը, իհարկե, վիճակագրություն կոնկրետ չունենք, բայց մեծ մասը գնվում է այս ծրագրով, կարելի է ասել ամբողջը, որովհետև ինչի՞ տնտեսվարողը պիտի այլ կերպ ձեռք բերի, եթե այս հնարավորությունը կա»,-նշել է վարչապետը՝ կրկին ընդգծելով այդ ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը: