Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակներում «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ, «Գոլդշին» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

«Ակբա Լիզինգ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բետոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևանում, արդեն իսկ իրականացվել է 1․7 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի կապիտալ ներդրում և ստեղծել 85 նոր աշխատատեղ՝ 680,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 776․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95 մլն դրամ: Ընկերությունն ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «Հսկա» ՓԲ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

«Գոլդշին» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տանիքի ծածկերի, համալրող դետալների, ջրահեռացման համակարգերի, սենդվիչ պանելների, գիպսաստվարաթղթե պրոֆիլների և դրանց համալրող մասերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում, արդեն իսկ իրականացվել է 33 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես նաև 23 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Կստեղծվի 22 նոր աշխատատեղ՝ մինչև 248 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․15 մլրդ դրամ:

«Թամարա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 36․3 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչպես նաև 1․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար, ստեղծել 59 նոր աշխատատեղ՝ մինչև 276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 59․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․9 մլրդ դրամ: