Լեհական EuRoPol GAZ-ը 1,4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ

Լեհական EuRoPol GAZ-ը 1,4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ

Լեհական EuRoPol GAZ ընկերությունը, որը տնօրինում է Յամալ-Եվրոպա գազատարի լեհական տեղամասը, 6 մլրդ զլոտիի (ավելի քան 1,4 մլրդ դոլար) հայց է ներկայացրել Ստոկհոլմում, Առեւտրի պալատի արբիտրաժում, ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ։ Այս մասին ուրբաթ RMF24 ռադիոկայանին տեղեկացրել է Լեհաստանի փոխվարչապետ, պետական ակտիվների վերահսկման նախարար Յացեկ Սասինը։

«EuRoPol GAZ-ը, որը պատասխանատու է գազի տարանցման համար, արբիտրաժ է ներկայացրել հայց ընդդեմ «Գազպրոմի»՝ գազի տարանցման չմարված պարտքը մոտ 850 մլն զլոտիով (220 մլն դոլար) փոխհատուցելու վերաբերյալ»,- ասել է նա։ Բացի այդ, EuRoPol GAZ-ը մտադիր է «Գազպրոմից» ստանալ եւս 5 մլրդ զլոտի (մոտ 1,2 մլրդ դոլար) «բաց թողնված շահույթի» համար այն պատճառով, որ «ներկա պահին ռուսական գազ չի ուղարկում», ավելացրել է նա։

Սասինի խոսքով՝ 2010թ. Լեհաստանի իշխանությունները «անշահավետ պայմանագիր» են կնքել «Գազպրոմի» հետ՝ այն հաշվարկով, որ ռուսական ընկերությունը գազ կմատակարարի Եվրոպա EuRoPol GAZ-ի օգնությամբ մինչեւ 2045թ.։ «Ի տարբերություն  մեր նախորդների՝ մենք երբեք ռուսների առջեւ ծնկի չենք իջել,- ասել է Սասինը։- Իսկ մեր նախորդներն ինչ-որ զարմանալի ձեւով համաձայնել են այն պայմաններին, որոնք մեզ պարտադրել են ռուսները, եւ [գազը Լեհաստան մատակարարելու] դիվերսիֆիկացման անհրաժեշտություն  չեն տեսել»։

Լեհաստան բնական գազի մատակարարումները «Գազպրոմը» դադարեցրել է ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ Լեհաստանը հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով։

Աղբյուրը՝   news.am