ՎԶԵԲ-ը եւ «Ամունդի-ԱԿԲԱ»-ն ստորագրել են Դերիվատիվների գլխավոր համաձայնագիրը

ՎԶԵԲ-ը եւ «Ամունդի-ԱԿԲԱ»-ն ստորագրել են Դերիվատիվների գլխավոր համաձայնագիրը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենենջմենթ»  ընկերությունը միավորում են ուժերը՝ դյուրացնելու տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը և ուժեղացնելու Հայաստանում տեղական կապիտալի շուկան: Այս մասին ejc.am-ին տեղեկացնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։ 

Կողմերը ստորագրել են «Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը, որը հրատարակվել է ISDA® -ի կողմից, ներառյալ 1995թ․-ի Վարկային Աջակցության Հավելվածը, որը թույլ է տալիս նրանց հետագայում իրականացնել արտարժույթի սվոփերի արտաբորսային գործարքներ: «Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը ծառայում է որպես կողմերի համար իրավական և վարկային պայմանները սահմանող շրջանակ, և այդ պայմանները կիրառվում են դերիվատիվների բոլոր գործարքների նկատմամբ, որոնք այդ կողմերը կկնքեն ապագայում: 1995թ.-ի Վարկային Աջակցության Հավելվածը սահմանում է այդ նույն կողմերի միջև դերիվատիվների գործարքների գրավադրման պայմանները:

Արտարժույթի սվոփերը «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ»-ին հնարավորություն կընձեռեն նվազեցնել արժութային ռիսկերը իր դրամական միջոցների հեջինգի միջոցով՝ միաժամանակ կատարելով արտարժույթով երկարաժամկետ ներդրումներ արտասահմանում, ինչպես նաև ՎԶԵԲ-ին լրացուցիչ հնարավորություն կտրամադրեն տեղական արժույթով (ՀՀ դրամով) ֆինանսավորում իրականացնել երկրի ներսում՝ իր հաճախորդների հետագա վարկավորման նպատակով։

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանում երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, կառավարվող ակտիվները գերազանցում են 233 միլիարդ ՀՀ դրամը (433 միլիոն եվրո): Եվրոպայի առաջատար՝ ակտիվների կառավարիչ «ԱՄՈՒՆԴԻ»-ին և Հայաստանի առաջատար բանկերից մեկին՝ ԱԿԲԱ բանկին պատկանող այս ընկերությունն ֆոնդերի կառավարման ոլորտում մեծ փորձ ունի:

Այս համաձայնագիրը ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է և ուղղված է տեղական արժույթով վարկավորման  ակտիվացմանն ու Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանը։ Սվոփ գործիքը ապահովում է տեղական արժույթի իրացվելիության հաստատուն հասանելիությունը՝ միաժամանակ վերացնելով արտարժութային ռիսկերը տեղական վարկառուների համար:

Սա առաջին դեպքն է, երբ ՎԶԵԲ-ը Հայաստանում համագործակցում է ակտիվներ կառավարող ընկերության հետ, և առաջին անգամն է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում կնքում է ISDA® Գլխավոր Համաձայնագիր: Շուկայում տեղական գործընկերների հետ աշխատելը ՎԶԵԲ-ին դնում է ուժեղ դիրքում՝ այդ աշխատանքի միջոցով լուծելու հայաստանյան գործընկերների հիմնական խնդիրները:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվորեն ներգրավված է տնտեսության բոլոր հատվածներում։ 1992 թվականին երկրում իր գործունեության մեկնարից ի վեր, բանկը ավելի քան 1.7 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։