Քաղաքապետարանը 254 մլն դրամ նվիրատվություն ընդունեց. Կբարեկարգվի Բագրատունյաց փողոցում գտնվող մարզադպրոցը

Քաղաքապետարանը 254 մլն դրամ նվիրատվություն ընդունեց. Կբարեկարգվի Բագրատունյաց փողոցում գտնվող մարզադպրոցը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց որպես նվիրաբերություն ընդունել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից Երևան համայնքին փոխանցվող 254 մլն դրամը՝ Երևանի Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:

Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման ընդունման արդյունքում կունենանք բարեկարգված մարզադպրոց: Այդ հասցեում գտնվում է գեղասահքի նախկին մարզադպրոցը:

Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը նշեց, որ նոր մազրադպրոցում կդասավանդվեն հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտեր, բռնցքամարտ, ձյուդո, քիքբոքս, օլիմպիական մարզաձեւեր.

«Ավագանու հարգարժան գործընկերենրից մտահոգություններ եղան, որ միգուցե ինչ-որ գործարքի մաս է հանդիսանում այս նվիրաբերությունը: Հատուկ ուզում եմ նշել, որ որեւէ գործարքի մաս չի հանդիսանում, այլ պարզապես «Էվոկաբանկի» հիմնադրի բարի կամքի դրսեւորում է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա հավելեց, որ մարզադպրոցը պատրաստ կլինի մինչեւ 2025-ի ավարտը:

Աղբյուրը՝   news.am