Կնքվեց Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր
Կնքվեց Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ԳՀՄՍ-ի միջև։
Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար 4» միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, պաշտոնական այլ անձինք:
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանն ու Գերմանիայի կառավարությանը՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը կյանքի կոչելու համար:
Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա՝ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։
Կայանի արդիականացումը կնպաստի Գավառի ագլոմերացիայից առաջացած քաղաքային կեղտաջրերի ավելի խորը մեխանիկական մաքրմանը և իր հերթին կնվազեցնի շրջակա միջավայրի ճնշումը լճի վրա:
Գավառի պետթատրոնի շենքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց մարդածին ճնշման աղբյուրների և մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քարտեզագրման գործընթացը և արդյունքները: Այս քարտեզները օգնում են՝ ավելի լավ հասկանալ Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական գործոնների փոխազդեցությունը:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ցուցադրեցին Գավառագետ գետի ջրի նմուշների դաշտային անալիզների գործընթացը։ Ներկայացվեցին նաև ավանդական ինտենսիվ գյուղատնտեսությունից դեպի նորարարական հողօգտագործման գործունեության կայուն օգտագործման փոխակերպման սոցիալ-տնտեսական և բնապահպանական օգուտները:
Ցուցահանդեսը հնարավորթություն ընձեռեց՝ մասնակիցներին ներկայացնել Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի համար նախատեսվող վերազինման երկրորդ մեխանիկական բլոկի սխեմանները:
Ցուցահանդեսում ցուցադրվեցին նաև իրազեկման այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են «Սևանա լճի պաշտպանության հարթակը» և «Սևանի ընկերները», որոնք ուղղված են բնապահպանական իրազեկության բարձրացմանը, վարքագծային փոփոխություններին և բնապահպանական խնդիրների հաղթահարման հավաքական մոտեցումների խթանմանը:
Միջոցառումը շարունակվեց «Նորաշեն» արգելոցում, որտեղ ՄԱԶԾ-ն, իրականացնելով EU4Sevan ծրագրի 5-րդ բաղադրիչը, ներկայացրեց «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման նորարարական լուծումների և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումների ակնարկ, որին հաջորդեցին բուսաբանական, գոտիավորման և կենդանաբանական արշավախմբերը՝ ցուցադրելով Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման կարևորությունը:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից: