Ազգային ավիափոխադրողից մինչև արևային կայաններ. ԱՆԻՖ-ի ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը

Ազգային ավիափոխադրողից մինչև արևային կայաններ. ԱՆԻՖ-ի ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը

Այսօր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը «Տնտեսական լրագրողների ակումբի» հրավիրած հեռավար ասուլիսի հյուրն էր՝ ներկայացնելու Հայաստանի ներդրումային հնարավորությունները և ԱՆԻՖ-ի ծրագրերը:

Դավիթ Փափազյանը նշեց, որ ԱՆԻՖ-ի ստեղծումից ի վեր գործունեությունը երկու ուղղությամբ է ընթանում, որոնք խաչվում են. ներդրումների ներգրավում ու իմպլեմենտացիա ու կապիտալի տեղաբաշխում: Նա ներկայացրեց ԱՆԻՖ-ի երկու ծրագիրը. «Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արագածոտնի մարզում Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության հետ:

«Միջազգային համբավ ունեցող «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի գծով մի քանի առաջատար ընկերություններից է աշխարհում։ Մեր մասնակցությունը այստեղ 15% է։ Ծրագիրը կարեւոր է ամեն առումով՝ թե նման խոշոր ներդրող ու միջազգային ճանաչված ընկերություն Հայաստան բերելու, թե Հայաստանը որպես նման գործընկեր ունեցող ներդրումային ուղղության ներկայացնելու առումով։ Բացի այդ, հատկապես կարեւոր է, որ այս ծրագրով Հայաստանը մեծ քայլ է անում ժամանակակից աշխարհում ահռելի կարեւորություն ձեռք բերող ոլորտում՝ վերականգնվող էներգետիկայում նման մասշտաբային ծրագիր անելու ուղղությամբ: Նշեմ, որ կայանները էլեկտրաէներգիա կսկսեն վաճառել մոտավորապես 2024 թվականի վերջերին՝ ցածր սակագնով՝ 2,90 ցենտով»։

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Նախատեսվում է կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030թ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:

ԱՆԻՖ-ի մյուս ծրագիրը « Էյր Արաբիա ընկերության հետ է․ համատեղ ստեղծվել է նոր ազգային ավիաընկերություն՝ Fly Arna»-ն։ Նաև շեշտեց, որ էյր Արաբիան կարողացել է 2020թ-ի եկամուտներ գեներացնել, այն դեպքում, երբ ողջ աշխարհում ոլորտում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կային, իսկ արդեն 2021թ-ին «Էյր Արաբիան» մաքուր եկամուտ է գրանցել:

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի երկրորդ ուղղությանը, ապա տեղեկացրեց, որ այս տարի ներկայացվել է 200 հայտ՝ ձեռնարկություն գումարած պետություն համագործակցության շրջանակներում, որից 7-ը հաստատվել է, հաստատվածներից 1-ը՝ չեղարկվել:

Դ. Փափազյանի տեղեկացմամբ, «Մասդար» ընկերության հետ, հաջորդ շաբաթ, քննարկվում է նաև «Այգ-2» արևային կայանի կառուցումը, և պատրաստվում են  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվել ֆինանսական առաջարկ: Ի դեպ, ըստ նրա, ընթացակարգերը պարզեցվել են և այժմ ՏԿԵ-ն կարող է ուղիղ բանակցել «Մասդար» ընկերության հետ, ինչը նախկինում բարդ էր:

Դ. Փափազյանն անդրադարձավ նաև հայ-կորեական համագործակցությանը, որի շրջանակներում նախատեսված էր Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, սակայն գործարքը հայկական կողմը մերժել է, քանի որ եկամտաբերության և կոմերցիայի տեսանկյունից հայկական կողմին ձեռնտու չէին պայմանները:

Ինչ վերաբերում է Fly Arna-ին, ապա ընկերությունը 2022թ-ի ապրիլ-մայիս ամիսներից կսկսի թռիչքներ իրականացնել՝ նախնական 4 ուղղություններով, նախատեսված է 5 տարի հետո ազգային պարկում 15 օդանավ ներգրավել: 

Դավիթ Փափազյանը նաև անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետությանը տրված մասնաբաժնին, նշեց, որ ԶՊՄԿ-ն հայտնի է թե իր խնդիրներով, թե պրոֆիլով: Մարտահրավերներից նա առանձնացրեց շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնելու խնդիրը: Նաև չբացառեց, որ ԶՊՄԿ-ի հարկային բեռը կարող է ավելի բարձր լինել, քան կա և հնարավոր է ԶՊՄԿ-ի բաժնետիրական գործունեությունը կարող է լինել ավելի արդյունավետ, քան է:

ԶՊՄԿ-ի ապագայի ծրագրերից նշեց Դոցենկոյի երկու առաջարկները. պղնձաձուլարանի և փոքր ատոմակայանի կառուցումը։ Վերջինս հնարավոր է ռուսական ունիկալ տեխնոլոգիայով, որն օգտագործվում է սուզանավերի վրա: «ԱՆԻՖ»-ը պատրաստ է ստանձնելու պետական բաժնեմասի սեփականությունը  ԶՊՄԿ-ում»,- շեշտեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: