Կենսաթոշակային ֆոնդերն արձանագրում են դրական եկամտաբերություն, բայց իրավիճակային ռիսկերը պահպանվում են

Կենսաթոշակային ֆոնդերն արձանագրում են դրական եկամտաբերություն, բայց իրավիճակային ռիսկերը պահպանվում են

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականի առաջին ամիսներին արձանագրել են դրական եկամտաբերություն, նախորդ տարվա բացասական ցուցանիշները վերականգնվում են։ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարող լիցենզավորված երկու ընկերությունների՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ  «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կողմից կառավարվող վեց ֆոնդերը (յուրաքանչյուր ընկերություն կառավարում է կենսաթոշակային երեք ֆոնդ) 2022-ի առաջին երեք եռամսյակներում գրանցել էին բացասական եկամտաբերություն, ինչն անհանգստություն էր առաջացրել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների շրջանում։ Ըստ մասնագետների՝ բացասական միտումը մի շարք գործոններով էր պայմանավորված՝ դրամի արժևորում ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, գնաճային ճնշումներ։  Սակայն, նախորդ տարվա չորրորդ եռամսյակում բոլոր ֆոնդերում դրական ցուցանիշներ էին արձանագրվել ։ Ֆոնդերը կառավարող  ընկերությունների ներկայացուցիչները պարբերաբար պարզաբանում էին, որ բացասական միտումը կարճաժամկետ է։ Եվ չնայած վերոնշյալ ռիսկերը չեն չեզոքացել, բայց ֆոնդերը կառավարող ընկերությունները հավատացնում են, որ դրական միտումներ կան։

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ից և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միտումներ են գրանցվել 2023 թվականի առաջին ամիսներին և ի՞նչ եկամտաբերություն են ունեցել ֆոնդերը։ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ից  www.ejc.am –ին տեղեկացրին, որ 2022 թվականի չորրորդ  եռամսյակում ֆինանսական շուկաներն արդեն իսկ սկսել էին վերականգնվել: Աճի միտումը շարունակվում է նաև 2023 թվականին։ «Միայն 2023 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում մեր կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են բավականին լավ արդյունքներ, մասնավորապես, հավասարակշռված ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 4,3%, պահպանողական ֆոնդինը՝ 4,2%, իսկ կայուն եկամտային ֆոնդը ապահովվել է 3,6% եկամտաբերություն։ Եթե դիտարկենք ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշները, ապա մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից ապահովել են միջին տարեկան 6.7-7,1% եկամտաբերություն՝ կախված ֆոնդի տեսակից: Դրական եկամտաբերությանը նպաստել են թե հայաստանյան, թե արտասահմանյան ներդրումները՝ մեծապես պայմանավորված գնաճային ճնշումների թուլացմամբ»,- մեր հարցմանն ի պատասխան ասացին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ից։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում ընկերության կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերն էլ ունեցել են դրական եկամտաբերություն։ Այդ թվում՝ կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 2․7%, պահպանողականը՝ 3․6%, իսկ հավասարակշռվածը՝ 3․7% եկամտաբերություն։ 2023 թվականի մարտի վերջի դրությամբ ֆոնդերը ստեղծման պահից ունեցել են 83-94% եկամտաբերություն։ 2021 թվականի տարեվերջի համեմատ 2022 թվականին ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի հաշվարկային արժեքների ամենամեծ անկումը կազմել է 6-10%, որից 4-6%-ն արդեն իսկ վերականգնվել է վերջին երկու եռամսյակների դրական եկամտաբերության շնորհիվ։ «Այս տարվա առաջին եռամսյակում էներգակիրների գների շարունակական նվազմամբ և Չինաստանի տնտեսության վերաբացմամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի փաստացի ցուցանիշները գերազանցել են նախկինում ձևավորված սպասումները։ Զարգացած երկրներում տնտեսական աճի դանդաղման հետ կապված անհանգստությունների մեղմացմամբ և գնաճի՝ սպասվածից ավելի արագ դանդաղմամբ պայմանավորված՝ համաշխարհային բաժնային և պարտքային շուկաները եռամսյակն ամփոփել են դրական արդյունքներով»,- նշվում է ընկերության տրամադրած տեղեկատվության մեջ։ Ընկերությունից տեղեկացնում են, որ այս զարգացումների համատեքստում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ֆոնդերի թե տեղական, թե արտասահմանյան ներդրումներն ունեցել են դրական եկամտաբերություն։ «Եռամսյակի ընթացքում, սակայն, դոլարի ու եվրոյի որոշակի արժեզրկումը դրամի նկատմամբ բացասական ազդեցություն է ունեցել ֆոնդերի եռամսյակային եկամտաբերության վրա»,- նշում են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ից։

Ինչպես նշեցինք, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կողմից դժգոհություններ կան, մարդիկ դեռ նախորդ տարվանից նկատել են, որ իրենց կենսաթոշակային գումարներն ավելանալու փոխարեն նվազում են։ Հարցին, թե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների անհանգստությանն ի պատասխան ի՞նչ մեկնաբանություն ունեն, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունից պատասխանեցին․«Ֆոնդերի՝ նախորդ տարվա եկամտաբերությունը պայմանավորված է եղել արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների, ինչպես նաև ԱՄՆ դոլար  եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորմամբ։ Վերջինիս բացասական ազդեցությունը որոշակի մեղմվել է՝ Ամունդի-Ակբայի կողմից կենսաթոշակային ֆոնդերի հայաստանյան ներդրումների կառավարման մեջ առաջին անգամ հեջավորման գործիքի կիրառման արդյունքում։ Հատկանշական է, որ ֆոնդերի արձանագրած վնասներն իրացված չեն, այսինքն՝ այդ վնասները չեն ձևավորվել ֆոնդերի ներդրումների վաճառքի արդյունքում։ Սա նշանակում է, որ ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն, ինչի ականատեսն ենք մենք այսօր։ Ավելին, տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն են ընձեռել նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով, որը կնպաստի ֆոնդի եկամտաբերության առաջանցիկ աճին՝ ֆինանսական շուկաների վերականգնմանը զուգահեռ։ Բացի այդ, ներկա պահին ապագա կենսաթոշակառուների կողմից հատկացվող միջոցների կուտակման փուլն է, ուստի մասնակիցները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն եղել ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով: Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառավարումն ունի երկարաժամկետ ռազմավարություն, ուստի դրանց եկամտաբերությունն անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով»։

Տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը www.ejc.am –ի հետ զրույցում ասում է, որ նախորդ տարի արձանագրված ռիսկերը դեռ պահպանվում են և մշտական կարող են լինել։ «Օրինակ՝ ֆոնդերի եկամտաբերության նվազեցման հիմնական պատճառներից մեկն ազգային արժույթի գերարժևորումն է։ Այսինքն՝ այդ միջոցները հիմնականում դրվում էին արտարժութային գործիքներում, և փաստացի այդ գործիքների արժեքը նվազել է։ Եվ ավելի շատ է նվազել, քան դրանց բերած տոկոսները։ Այդ ռիսկն այսօր էլ կա։ Փաստը ցույց տվեց, որ ֆոնդերի կառավարման սահմանափակումների և առկա կարգավորումների առկայության պայմաններում նման իրավիճակում էական կորուստներ կարող է ունենալ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը։ Կարգավորումները նույնն են, իրավիճակային ռիսկերը պահպանվում են, ապագա անորոշությունները՝ ևս։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ որքան էլ հիմա մի փոքր կայունանում է իրավիճակը, բայց հետագայում կրկնվելու և հետևանքներ առաջացնելու իրական ռիսկեր կան»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։ Ըստ նրա՝ նոր իրողությունները, ֆինանսական շուկաների որոշակի տատանումներն անընդհատ ստիպում են, որպեսզի վերանայվեն մոտեցումները, որոնք կան կուտակային կենսաթոշակի կարգավորման ոլորտում։ Քանի որ դա պարտադրված համակարգ է, ըստ նրա, պետությունը պետք է իր ակտիվ դերակատարումն ունենա։ «Ի վերջո, երբ մարդկանց կուտակած գումարները կորում կամ նվազում են, այստեղ մտածելու պատասխանատվություն ունի նաև պետությունը։ Անընդհատ պետք է վերլուծություններ լինեն, կան պատասխանատու մարմիններ, և իրենք ոչ թե պետք է սպասեն, որ երևույթը տեղի ունենա, հետևանքներ լինեն կորուստների տեսքով, հետո փորձեն ինչ-որ կերպ միջամտել գործընթացին, այլ սկզբունքը պետք է լինի կանխատեսելով իրավիճակը՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ֆոնդերը կառավարող ընկերությունների հիմնավորմանը, թե ֆոնդերի եկամտաբերությունն անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ հատվածում, Թադևոս Ավետիսյանն ասում է․ «Չպետք է անտեսել նաև կարճաժամկետ միտումները, որովհետև, եթե այդ կարճաժամկետ գործոնները պահպանվեն, կդառնան միջնաժամկետ և կվերածվեն երկարաժամկետի։ Գործոնները պահպանվում են, իսկ նման անորոշությունների պայմաններում այս խնդիրներն ու հետևանքներն ունեն կրկնվելու իրական հավանականություն»։