Հեղուկ գազի թանկացման և թերլցումների գլուխկոտրուկը
Արդեն տևական ժամանակ է հեղուկ գազը գրեթե կրկնակի թանկացել է` խնդիրներ ստեղծելով այն վարորդների համար ովքեր ցածր գնի պատճառով մեքենան լիցքավորում էին հեղուկ գազով: Պարզվում է, որ գրեթե կրկնակի թանկացումը, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, առանձնապես խախտում չէ, քանի որ դաշտում մենաշնորհ չկա, ներկրողները շատ են` 86 տնտեսվարող, որից բխում է, որ, եթե թանկացել է մենք գործ չունենք անելու` դաշտը մոնոպոլիզացված չէ:
Այդպիսով, հեղուկ գազով մեքենա վարող վարորդները, որոնք, ի դեպ, այնքան էլ քիչ չեն` մնացել են երկընտրանքի առջև` շարունակե՞լ հեղուկ գազ լիցքավորել մինչև լավ օրեր գան, թե՞ փոխեն բենզինի, որին արդեն հեղուկ գազի գինը գրեթե հավասարվել է:
Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը խնդրի առնչությամբ, նշեց, որ իր համար տարօրինակ, որ կրկնակի թանկացել է հեղուկ գազը, և ավելացրեց, որ սկզբնական շրջանում հեղուկ գազի թանկացումը կապում էին Վերին Լարսի անցակետի դժվարանցանելիության խնդրի հետ: Ըստ նրա, հեղուկ գազ այժմ ներկրվում է, սակայն միևնույնն է գինը չի նվազում և այս վիճակն արդեն մտահոգիչ է դառնում:
Ինչ վերաբերում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արձագանքին, ապա, ըստ նրա, նորմալ պատասխան չի տվել հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող թանկացման առնչությամբ, միայն նշել է, որ մենաշնորհ չկա, իսկ մենաշնորհ չլինելուց էլ հեղուկ գազի գինը չի նվազում:
Հարցին, թե հնարավո՞ր է ոլորտում ներքին պայմանավորվածություններ լինեն տնտեսվարողների միջև, Կարեն Չիլինգարյանը հավանական համարեց, քանի որ այլ կերպ չի կարողանում մեկնաբանել, թե ինչո՞ւ գինը չի նվազում:
-Գազալցակայաններում հերթեր չկան, աշխատակիցները հաճախ անգործ նստած են, ներկրողները շատ են, սակայն գինը չի նվազում: Ես մեքենաս լիցքավորում եմ հեղուկ գազով և այժմ այն գրեթե բենզին գնին համարժեք է: Կամ ոլորտում մրցակցություն է գնում, կամ էլ չգիտենք թե ինչն է թանկացման պատճառը:
Նաև նշեց, որ հեղուկ գազն ունի առավելություններ, ավելի անվտանգ է, քան օդ գազ կոչվածը, որ մեթանն է, ճնշումն ավելի ցածր է և դրանով էր պայմանավորված, որ վերջին տարիներին վարորդները նախընտրեցին անցում կատարել հեղուկ գազին, իսկ նրանց թիվը, ըստ փորձագետի, բավականին շատ է:
Վարորդ Հովհաննես Քալաջյանն իր հերթին նշեց, որ արդեն երկու ամիս է հեղուկ գազի շուկայում թանկացում է. Նախապես 120 դրամ էր գինը, հետո սկսեց կամաց-կամաց բարձրանալ և վարորդները տեղյակ չեն, թե ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում:
Նա նամակով դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` տեղեկանալու խնդրի մասին, բացի այդ, տեղյակ էին, որ Վերին Լարսի անցակետում շինարարություն էր գնում և բեռները դժվարությամբ էին սահմանը հատում:
Ըստ Հ. Քալաջյանի տեղեկությունների, հեղուկ գազով բեռնված բեռնատարները նախկինում արտահերթ էին սպասարկվում, սակայն անցակետի վերանորոգման հետ կապված` սպասարկվել են ինչպես մյուս բեռնատարները, որը ևս դժվարացրել է հեղուկ գազի ներկրումը:
-Արդեն 20-25 օր է լոգիստիկ խնդիրը չկա, հեղուկ գազի գինը 220 դրամ է տեղ-տեղ` 200, հարց է առաջանում` ինչո՞ւ: ՄՊՀ-ն հայտարարությամբ է հանդես և պարզել է, որ հեղուկ գազի ներկրողները շատ են ու ձեռքերը լվացել է,- ասաց նա և հարց տվեց, թե այդ դեպքում ո՞վ է պաշտպանելու վարորդ-սպառողների շահերը:
Իսկ ի՞նչ է մտադիր անել, եթե հեղուկ գազի գինը չնվազի հարցին` պատասխանեց, որ դեռ կսպասի` տեսնի ինչ է կատարվելու շուկայում և հույս հայտնեց, որ լոգիստիկ խոչընդոտները վերացել են, գուցե հեղուկ գազի գինը նվազի:
Ինչ վերաբերում է ոլորտում հնարավոր ներքին պայմանավորվածություններին, ասաց, որ ՄՊՀ ուսումնասիրել է ու խախտումներ չի գտել և չցանկացավ կանխակալ կարծիք հայտնել ներկրողների մասին:
-Հուսամ, որ ներկրողները ներքին պայմանավորվածություն չունեն և մարդկանց գրպանը չեն մտնում: Իրականում շատ տխուր է, ոչ ոք չի պաշտապանում մի ստվար զանգվածի շահերը` մի հատ կառույց չկա, որ դրանով զբաղվի, թողել են բախտի քմահաճույքին` ինչ եղավ` եղավ:
Նշենք, որ բացի հեղուկ գազի թանկացումից, այս ոլորտը ևս մեկ կողմ ունի` թերլցվածությունը, որի մասին սպառողները հաճախ են ահազանգում, խոսքը նաև կենցաղում օգտագործվող հեղուկ գազի մասին է: Այս մասով լիազոր կառույցը Շուկայի վերահսկողության տեսչական մարմին է (ՇՎՏՄ): Ներկայացնեք ՇՎՏՄ-ից ստացված տեղեկությունը:
Կառույցից փոխանցում են, որ 2023 թվականին հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտը, ինչպես նաև նախորդ տարիներին, ՇՎՏՄ-ի համար թիրախային է եղել, իրականցվել է չափագիտական և որակական ստուգումներ: Ըստ տեղեկության, 2020թ-ին իրականացվել է 32 ստուգում, 20-ում եղել են չափագիտական խախտումներ, 2021թ-ին` 56 ստուգում, որից 44 չափագիտական, իսկ 2-ի դեպքում տեխնիկական կանոնակարգի խախտումներ, 2022-ին` 68 ստուգում, 44 չափագիտական խախտում, 19 տեխնիկական կանոնակարգի խախտում, 2023թ-ի 4 ամիսների ընթացքում իրականցվել է 33 ստուգում, 27 խախտում:
Ի՞նչ է նախատեսվում խախտում արձանագրելիս: ՇՎՏՄ-ից փոխանցել են, որ խախտման դեպքում պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվում է տուգանք աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով և ստուգմանը նախորդող եռամսյակի ՀԴՄ-ներով իրականացված շրջանառության մեկ տոկոսի չափով:
Իսկ ո՞ւմ կարող են դիմել քաղաքացիները, երբ նկատում են թերլցման դեպքեր։ Պատասխանել են, որ բողոքը կարող են գրավոր ներկայացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: