ՄիՊ-ը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՄիՊ-ը  ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր:
Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Տիկին Մանասյանը մատնանշել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների միջև ձևավորված կայուն փոխգործակցության կարևորությունը։
Պաշտպանն ընդգծել է դեռևս նախորդ տարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։
Կողմերը քննարկել են ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մոնիթորինգային կարողությունների զարգացմանը:
Իր հերթին, Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիայի Թագավորության համար մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու երաշխավորումը ևս առաջնահերթություն է: Այս համատեքստում Դեսպանը ներկայացրել է իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները։
Քննարկվել են նաև Պաշտպանի՝ Ստրասբուրգ կատարած այցի մանրամասները և կարևորվել 2023-2025 թթ. ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում Շվեդիայի Թագավորության ֆինանսական աջակցությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են տարբեր ձևաչափերով համագործակցելու պատրաստակամությունը։