Վարդենիսում մեկնարկել է բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը

Վարդենիսում մեկնարկել է բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը

Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են  բազմաբնակարան 10 շենքերի  տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ 

Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման  ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել է 223 միլիոն 336  հազար 344 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/4, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդական-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։

Ծրագրի շահառու են հանդիսանում 412 ընտանիք՝ շուրջ 1700 շնչով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Ռինդ-ՆԱՆ», «Ավետիս-Խեցի», «Արմ-Մեգագրուպ» կազմակերպությունները։ Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը նախատեսված է ավարտել 2023 թվականի օգոստոսին։  

«Մեր քաղաքի համար կենսական կարևորության խնդիր է լուծվում։ Տասնյակ տարիներ բազմաբնակարան այդ շենքերի տանիքները շահագործման համար գրեթե պիտանի չեն՝ տեղումների ժամանակ կաթոցները դարձել են խնդրահարույց ու սովորական՝ քայքայման վտանգ ստեղծելով նաև շենքերի համար։ Վերջապես այս ծրագրի մեկնարկով և ավարտով մեր քաղաքի 400 ընտանիք կազատվեն այդ դժվարին հոգսից։ Ամբողջությամբ տանիքի ազբեստյա ծածկերը փոխարինվում են ցինկապատ թիթեղով, լրիվ փոխվում է նաև փայտե սյուները և կավարամածը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Աղբյուրը՝   armenpress.am