Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը

Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը
  • 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
  • Այս համաժողովը կնպաստի Հայաստանի ներդրումային ներուժի խթանմանը
  • Միջոցառման ընթացքում առանցքային որոշումներ են ընդունվում Բանկի գործունեության ուղղությունների վերաբերյալ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կառավարությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երևանում ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման հիմքն է դնում։ Այս մասին տեղեկացնում  է  ՎԶԵԲ-ի մեդիա խորհրդատվական կենտրոնը։

Սա ՎԶԵԲ-ի 33-րդ Տարեկան ժողովն է լինելու։ Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Միջոցառման գլխավոր բաղադրիչը Բանկի Կառավարիչների խորհրդի նիստն է: Խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, որը գնահատում է Բանկի աշխատանքը և սահմանում ապագայի ռազմավարական ուղղությունները:

Համաժողովի մաս է կազմում նաև Բիզնես ֆորումը, որը միավորում է բիզնեսի ներկայացուցիչներին, ներդրողներին, պետական պաշտոնյաներին և լրատվամիջոցներին, ովքեր մասնակցում են պանելային քննարկումներին և ցանցային միջոցառումներին: Բացի այդ, Տարեկան ժողովը ներառում է քաղաքացիական հասարակության մեկ ծրագիր, դոնորների ժողով և այլ օժանդակ միջոցառումներ:

Փոխըմբռնման հուշագիրը սահմանում է Տարեկան ժողովի կազմակերպման, պլանավորման և իրականացման հետ կապված պարտականությունները: Կողմերը հայտարարել են հաջողված միջոցառում անցկացնելու՝ իրենց հանձնառության մասին: Ակնկալվում է, որ միջոցառման առիթով Հայաստան կայցելի շուրջ 2000 մասնակից:

ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին Սամարղանդում ստորագրման ժամանակ ասել է. «Ուրախ ենք այսօր ստորագրել այս հուշագիրը և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, և մենք վստահ ենք, որ հաջորդ տարվա մայիսին այս միջոցառումը մեծ հաջողությամբ կանցնի թե՛ հյուրերի, և թե՛ հյուրընկալող կողմի համար»:

Հայաստանի ֆինանսների նախարար և Հայաստանում ՎԶԵԲ-ի կառավարիչ՝ պարոն Վահե Հովհաննիսյանն ասել է. «Մենք ուրախ ենք, որ 2024 թվականին Հայաստանում կհյուրընկալենք ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը: Սա մեզ հնարավորություն կընձեռի ավելի լայն լսարանի առջև ցուցադրել մեր երկիրը և ներգրավել աննախադեպ կարևոր ներդրումներ»։

ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո 206 տարբեր  ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության ու ֆինանսական ոլորտներին: