ՄԻՊ-ի աջակցությամբ աշակերտը հաջորդ դասարան փոխադրվելու հնարավորություն է ստացել

ՄԻՊ-ի աջակցությամբ աշակերտը հաջորդ դասարան փոխադրվելու հնարավորություն է ստացել
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր թոռնուհու կրթության իրավունքի լիարժեք ապահովման հարցում։
Ըստ Պաշտպանին ուղղված դիմումի՝ իր թոռնուհին սովորում է դպրոցում, սակայն ՀՀ քաղաքացի չլինելու և համապատասխան փաստաթղթեր չունենալու հիմքով նրա տվյալները դպրոցի էլեկտրոնային մատյանում գրանցված չեն։
Դիմումատուի փոխանցմամբ՝ երեխային խնամում է միայն հայրը, բայց քանի որ հայրությունը վերջինիս կողմից ճանաչված չէ, գործող օրենսդրությամբ իրավունք չունի դիմելու պետական իրավասու մարմիններ` երեխայի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու համար։
Մինչդեռ ուսումնական տարին ավարտելու և հաջորդ դասարան փոխադրվելու համար անհրաժեշտ է երեխայի տվյալների գրանցման կազմակերպումը, այլապես երեխան չի փոխադրվի հաջորդ դասարան: Խնդրի կարգավորման նպատակով նաև դպրոցի տնօրինությունն է տևական ժամանակ դիմել համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն։
Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի արդյունքում երեխայի տվյալները ներառվել են Էլեկտրոնային մատյանում, և նա հաջորդ դասարան փոխադրվելու հնարավորություն է ստացել։