Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է: Օրինագծերով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:  Մասնավորապես՝ անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 և ավելի տոկոսով, օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:

Հավանության է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և հարակից օրինագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվեն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող բարի համբավի, ֆինանսական միջոցների ու մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաև միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունները: Կսահմանվեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման գործընթացին ներկայացվող պահանջները: