Էներգետիկայի բնագավառում վերջին 2 տարում իրականացվել են 330 մլրդ դրամի ներդրումներ. ՀԾԿՀ անդամի թեկնածու

Էներգետիկայի բնագավառում վերջին 2 տարում իրականացվել են 330 մլրդ դրամի ներդրումներ. ՀԾԿՀ անդամի թեկնածու

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թեկնածուն Սերգեյ Աղինյանն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ Աղինյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուին ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Աղինյանը, ով ներկայում զբաղեցնում է հանձնաժողովի անդամի պաշտոնը, խոսեց ազգաբնակչությանը հուզող հարցերից մեկից՝ սակագներից: Խոսելով խմելու ջրի սակագներից՝ նա հիշեցրեց. «Նպատակ ունենալով հաստատուն պահել խմելու ջրի սակագները՝ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում քանիցս լրամշակվել է «Վեոլիա» ընկերության հետ կնքված խմելու ջրի համակարգերի վարձակալության պայմանագիրը: Ցավոք, անցյալ տարի գնաճը, որը սակագների ճշգրտման գործոններից, է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, կանխատեսվածից շատ ավելի բարձր էր, որի հետևանքով, այնուամենայնիվ, անհրաժեշտություն առաջացած բարձրացնել սակագները: Սակայն, ինչպես գիտեք, կառավարության նախաձեռնությամբ, այդ թանկացման բեռն իր վրա վերցրեց պետությունը, որի արդյունքում սպառողների համար սակագինը մնաց անփոփոխ»:

Թեկնածուն ընդգծեց՝ սակագների վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններից է ներդրումների բաղադրիչը: Նա վստահեցրեց, որ ստեղծված են նպաստավոր պայմաններ կարգավորվող անձանց հետ ներդրումների իրականացման համար: 

«Ներկայումս մեծածավալ ներդրումային ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր խոշոր կարգավորող ընկերությունները: Վերջին 2  տարիների ընթացքում նախնական տվյալներով էներգետիկայի բնագավառում իրականացվել է շուրջ 330 մլրդ դրամի ներդրումներ»,-ասաց Աղինյանը: