TikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը

TikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը

TikTok սոցիալական ցանցի սեփականատեր ընկերությունը սկսել է փորձարկել սեփական չաթբոտը, որը կոչվում է Tako:

The Verge-ի փոխանցմամբ՝ բոտի հիմնական գործառույթը օգտատերերին տեսանյութեր խորհուրդ տալն է՝ ելնելով նրանց հարցումներից, սակայն Tako-ն կարող է պատասխանել նաև բազմաթիվ այլ հարցերի։ Նշվում է, որ հայտնի չէ, թե TikTok-ն արհեստական ​​ինտելեկտի ինչպիսի մոդել է օգտագործել չաթբոտը ստեղծելու համար։ Watchful Technologies-ի փորձագետ Դանիել Բուչուկի կարծիքով՝ լայնածավալ գործարկումից հետո Tako-ն կարող է արմատապես փոխել որոնման և նավիգացիոն համակարգերը:

TikTok-ի խոսնակ Զաքարի Քիզերը նշել է, որ չաթբոտը ներկայումս ժամանակավոր փորձարկում է անցնում և դեռ հասանելի չէ Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերին։ Ընկերության Twitter-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նոր գործառույթն առայժմ հասանելի է միայն Ֆիլիպիններում։ Բայց նկատելի է՝ ընկերությունը պատրաստում է արտադրանքը պաշտոնական թողարկման համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգային իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են լինել Պեկինի մոտ։

Մինչ այս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների՝ TikTok-ը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ TikTok հարթակը ԱՄՆ-ում ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր:

Աղբյուրը՝   b24.am