Ջրային կոմիտեի նախագահը և ԱԶԲ գրասենյակի քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման հարցը

Ջրային կոմիտեի նախագահը և ԱԶԲ գրասենյակի քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման հարցը

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Մարտիրոս Նալբանդյանը, արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության տնտեսագիտության մասով ավագ պատասխանատու Գրիգոր Գյուրջյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Վարդան Կարապետյանը և գործառնությունների մասով օգնական Լիանա Առաքելյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահագն Գևորգյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել և մնում է Ջրային կոմիտեի կարևորագույն գործընկերներից մեկը:

Նախագահը Վահագն Գևորգյանը ներկայացրել է փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Իր խոսքում նախագահը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 15 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացրել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերին:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է ցուցաբերել օժանդակություն Ջրային կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ընդլայնելու հետագա երկկողմ համագործակցության շրջանակները։

Քննարկմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական մոտեցումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Նախագահն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու, ամրապնդելու և զարգացնելու գործում: