ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար, Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ Վահե Հովհաննիսյանը 2023թ. մայիսի 25-26-ը Տիվատ քաղաքում (Մոնտենեգրո) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող հոլանդաբելգիական ընկերակցային խմբի հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ 

Ընկերակցային խմբի հանդիպումներին մասնակցող անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են իրականացրել ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային տնտեսության այլ առանցքային հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ընկերակցային խմբի շրջանակներում իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀԲ 2023 թվականի Համաշխարհային զարգացման զեկույցը՝ «Միգրանտներ, փախստականներ և հասարկություններ» խորագրով, տեղի են ունեցել պանելային քննարկումներ արդի մարտահրավերների պայմաններում տնտեսական կայունությանն ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների շուրջ:

Ընկերակցային խմբի հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կուն Դավիդսեի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի հետ: Կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել նոր ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Առանձին հանդիպում է կայացել նաև Վրաստանի ֆինանսների նախարարության գործընկերների հետ, որի ընթացքում փոխհամաձայնեցվել են երկկողմ փոխգործակցության խորացման, փորձի փոխանակման ուղղությամբ միասնական քայլերը, այդ թվում և համատեղ համաժողովների և խորհրդակցությունների կազմակերպման միջոցով: