Հայաստանը «Ֆեյսբուքից» սկսում է ավելի շատ հարկեր հավաքել

Հայաստանը «Ֆեյսբուքից» սկսում է ավելի շատ հարկեր հավաքել

«Ֆեյսբուքը» Հայաստանում սկսեց հարկեր վճարել։ 2023-ի 1-ին եռամսյակի արդյունքներով Meta Platforms ընկերությունը մուտք է գործել  հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկ՝ գրավելով 287-րդ տեղը և վճարելով շուրջ 256 միլիոն դրամ հարկ։  Սա տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների  հետևանքով։ Ըստ այդմ` անդրազգային ընկերությունների կողմից մատուցվող օնլայն ծառայությունները (Facebook-ի, Google-ի, Netflix-ի և այլոց)  սկսել են հարկվել ԱԱՀ-ով։ Դրանք ուժի մեջ էին մտել 2022-ից․ տարվա արդյունքներով այդ ընկերությունները միասին ՀՀ բյուջե էին վճարել շուրջ 800 միլիոն դրամ, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին միայն «Ֆեյսբուքը» վճարել է 256 միլիոն։

Բնականաբար, Հայաստանում «Ֆեյսբուքը» չի վճարում այն միլիարդներն, ինչ դրսում՝ այն պարզ պատճառներով, որ այստեղ հարկվում են նրա լոկալ եկամուտները։ Բայց ուշագրավը հենց այն է, որ դրանք սկսել են հարկվել։ Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսվարողները՝ պատվիրելով իրենց էջի գովազդը կամ առաջմղումը՝ «Ֆեյսբուքին» գումարներ էին վճարում, որոնցից Հայաստանի բյուջեն ոչինչ չէր ստանում։

Ի թիվս այլոց, սա անհավասար վիճակ էր ստեղծում նաև տեղական ընկերությունների հետ մրցակցության մեջ։ Պարզ է, որ տեղական գովազդային շուկայի ոչ մի ընկերություն չի կարող «Ֆեյսբուքի» 1%-ի չափով էլ առաջարկել նպատակային գովազդ կամ այլ ծառայություններ։ Այդքանից հետո «Ֆեյսբուքը» ստանում էր ևս մեկ առավելություն՝  զրո հարկ։ Հավելենք՝ սա հավելյալ խոչընդոտ էր նաև տեղական մեսենջերների (օրինակ՝ Zangi-ի) զարգացմանը․ ճիշտ է, այն դժվար թե երբևէ կարողանա, անգամ Հայաստանում, facebook-ի հետ հավասար մրցել, բայց կարող էր շուկայի գոնե որոշակի մաս գրավել։ 

Այսքանով հանդերձ, պետք է նշել, որ հայկական ՏՏ ընկերություններից ոչ բոլորն են, որ իրենց ողջ հարկերը վճարում Հայաստանում։  Հայաստանցի հիմնադիրներ ունեցող, աշխատուժի զգալի մասը Հայաստանում պահող ընկերությունները (ինչպես, օրինակ, Picsart-ը կամ Krisp-ը), ունենալով հարյուրավոր միլիոն դոլարների շրջանառություն, Հայաստանում վճարում են լավագույնը մի քանի միլիոն։ Picsart-ը առաջին եռամսյակի 1000-ի ցուցակում 65-րդն էր (1 միլիարդ 15 միլիոն դրամ հարկ), իսկ «Կրիսպը»՝ 326-րդը (շուրջ 231 միլիոն)։ Պատճառն այն է, որ նրանք գրանցված են ԱՄՆ-ում, որտեղ և վճարում են շահութահարկ (corporate tax)։ Այդ մեծ շրջանառություններից Հայաստանի բյուջեին  մնում է միայն աշխատողների եկամտային հարկը։ Այսպես են վարվում ոչ միայն այս երկու ընկերություններն, այլև հայաստանյան այլ խոշոր ՏՏ ընկերություններ։

Նրանց վարքագիծը գոնե կարելի է ինչ-որ կերպ պատճառաբանել․ ԱՄՆ-ի գրանցմամբ  կարելի է ավելի հեշտ կապիտալ ներգրավել։ Իսկ ահա «Ֆեյսբուքի» դեպքում հարկերից խուսափելը սովորություն է դարձել։ Բավարար է նշել, որ Meta կորպորացիայի եվրոպական գրասենյակը գտնվում է Իռլանդիայում (որտեղ շահութահարկը, իհարկե, ավելի բարձր է, քան օֆշորներում, բայց և ավելի ցածր, քան եվրոպական երկրների մեծ մասում)։ Հայաստանի հարկատուների ցուցակ Meta-ն մտել է հենց իր եվրոպական դուստր ընկերության անվամբ` Meta Platforms Ireland Ltd:

Իհարկե, Google-ի,  fb-ի կամ Netflix-ի «աչքը» Հայաստանի փոքր շուկայի վրա չէր․ սակայն նրանից և  ՏՏ ոլորտի այլ հսկաներից բողոքում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների կառավարություններ, ինչպես նաև ԵՄ ներքին շուկաների նախարար Թիերրի Բրետոնը https://twitter.com/ThierryBreton/status/1262765324853628930։ Վերջինս Ցուկերբերգին ուղղակիորեն ասել էր․  ««խելացի լինելը լավ բան է, բայց հարկերի հետ «խելոքություն անելը»՝ ոչ այնքան»։

Արդյունքում, մի շարք խոշոր երկրներ ընդունել են կամ մշակում են անդրազգային առցանց ծառայությունները հարկելու մասին օրենսդրություն` ինչպես՝ Բրիտանիան https://www.theguardian.com/technology/2022/nov/23/uks-digital-services-tax-reaps-almost-360m-from-us-tech-giants-in-first-year ու Ֆրանսիան https://www.legifrance.gouv.fr/loda/id/JORFTEXT000038811588 այնպես էլ Հնդկաստանն՝ իր մեկ միլիարդանոց բնակչությամբ և տասնյակ միլիոն պատվիրատուներով։ https://www.business-standard.com/article/companies/indian-authority-seeks-tax-from-amazon-on-cloud-services-fees-paid-to-us-123020301514_1.html

Այսքանից հետո Հայաստանում դրանց հարկման դաշտ բերելը ոչ թե արտառոց, այլ օրինաչափ երևույթ է։ Հավելենք, որ այն չի վերաբերում միայն «Ֆեյսբուքին» կամ միայն որևէ կոնկրետ երկրի ընկերություններին։ Տեսականորեն, Հայաստանում ստացած հասույթից նույն կերպ պետք է հարկվեն Yandex-ը, AMazon-y, Alibaba-ն և այլք։