ԱՆԻՖ-ը մասնակցել է Միլանում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանսին

ԱՆԻՖ-ը մասնակցել է Միլանում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ֆորումի կոնֆերանսին

Մայիսի 26-ին Միլանում անցկացվել է Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ֆորումի (IFSWF) կոնֆերանսը՝ “Ինքնիշխան ֆոնդերի կայունության ցուցանիշները, ազդեցությունը, զարգացումը և մարտահրավերները” թեմայով։

Ֆորումին մասնակցել են ԱՆԻՖ- ի տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենների խորհրդի անդամ Իսիդորո Լուչիոլան։

Ֆորումի հիմնական շեշտադրումը կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) խնդիրներում ինքնիշխան ֆոնդերի դերն ու մասնակցությունն էր։

Միլանի ֆորումին ԱՆԻՖ- ի մասնակցության առիթով պարոն Լուչիոլան, որը նախօրեին խոսել էր Milano Finanza պարբերականի հետ՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին, մեկնաբանել է.

«Ինքնիշխան ֆոնդերի համար գնալով կարևորվում է ներդնել ողջ ներուժը նպաստելու այն նախագծերին, որոնք ուղղված են ածխածնի արտանետումների նվազեցմանը, դրական սոցիալական ազդեցության խթանմանը և լավագույն կառավարչական պրակտիկայի ապահովմանը: Սուվերեն ֆոնդերի առաքելությունը՝ զարգացնել ազգային տնտեսությունը և ապագա սերունդների համար հարստություն ստեղծել մակրոտնտեսական քաղաքականության սահմանման և նպատակների շրջանակներում, ուղղակիորեն կապված է ԲՍԿ օրակարգի իրականացման հետ:

Ֆորումի ընթացքում քննարկումները կենտրոնացած էին մի շարք գործիքների վրա, որոնք սուվերեն ֆոնդերը կարող են օգտագործել իրենց երկրներում բիզնեսի զարգացման գործում ԲՍԿ նպատակներն առաջ տանելու համար:

ԱՆԻՖ-ի ներդրումային գործունեությունը դառնում է կայունության ոլորտի հենանիշ, և ԲՍԿ-ն, անշուշտ, կշարունակի լինել ներդրումային որոշումների շարժիչ ուժը»:

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի համոզմամբ. «Թե զարգացած, թե զարգացող երկրներում գնալով մեծանում է ինքնիշխան ֆոնդերի մասնակցությունը երկրների ԲՍԿ կանոնակարգերի ձևավորմանը։ Հայաստանում այս խնդիրները հաճախ դեռևս սաղմնային փուլում են գտնվում և ԱՆԻՖ-ի համար կարևոր է նպաստել մեր բիզնես գործընթացների սինխրոնացմանը միջազգային շուկաների գնալով խստացող պահանջներին։ Այս ֆորումում փորձի փոխանակումը, մեր ծրագրերի և Հայաստանի՝ այս ուղղությամբ արվող ջանքերի ներկայացումը նման հարթակներում կարևոր է, թեև դրա կարևորությունը միշտ չէ որ մեր երկրում պատշաճ գնահատվում է»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՆԻՖ-ը դարձել է IFSWF ասոցացված անդամ։

Այս շաբաթ Դավիթ Փափազյանը նաև ելույթ է ունենալու Լոնդոնում անցկացվող «Global Wealth Conference – Europe 2023” կոնֆերանսին, որն անցկացվում է Ինքնիշխան ֆոնդերի Ինստիտուտի կողմից։