ՎԶԵԲ-ի և E5P հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ գնված ավտոբուսները ժամանել են Երևան

ՎԶԵԲ-ի և E5P հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ գնված ավտոբուսները ժամանել են Երևան

Երևանում երթևեկողները ավելի մեծ հարմարավետությամբ կճանապարհորդեն 87 MAN ավտոբուսներից բաղկացած՝ նոր, էկոլոգիապես մաքուր պարկի շնորհիվ, որի ձեռքբերումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից: Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողն է, իսկ Շվեդիան՝ ամենախոշոր երկկողմ դոնորն ու հիմնադրամի նախաձեռնողը: E5P հիմնադրամի մյուս դոնորներն են Հայաստանը, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիայի Հանրապետությունը և Թայվան Բիզնես-ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամը:

ՎԶԵԲ-ի լրատվության պատասխանատու Լորետա Մարտիկյանի տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսային ընկերությունը ստացել է 20 մլն եվրո գումարի չափով ՎԶԵԲ-ի սուվերեն վարկ և 5 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ E5P հիմնադրամից՝ էկոլոգիապես ավելի մաքուր հասարակական տրանսպորտը խթանելու նպատակով: Ավտոբուսային նոր պարկը կբարելավի քաղաքի 1 միլիոն բնակիչների սպասարկման որակը՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, միևնույն ժամանակ օգուտ կբերի շրջակա միջավայրին՝ նվազեցնելով արտանետումները: Ցածրահատակ ավտոբուսները կհեշտացնեն նաև ուղևորների մուտքը, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, տարեցների և հաշմանդամների, ինչպես նաև մանկասայլակներով ծնողների համար:

Այս նախագիծը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» շրջանակի մի մասն է։ «Կանաչ քաղաքներ» ծրագիրն աջակցում է քաղաքային «կանաչ» ներդրումներին, որոնք հասանելի են բոլոր այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո 206 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին: