2022 թվականին արձանագրվել է տնտեսական աճի դանդաղում

2022 թվականին  արձանագրվել է տնտեսական աճի դանդաղում

Փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Ըստ նրա` աշխարհաքաղաքական մարտահրավերներով ու տնտեսական անորոշություններով ուղեկցվող 2022 թվականին համաշարհային տնտեսությունում, այդ թվում` նաեւ ՀՀ գործընկեր երկրներում արձանագրվել է տնտեսական աճի դանդաղում:

Այդուհանդերձ, գործընկեր երկրներում տնտեսական խնդիրներին զուգահեռ Հայաստանի տնտեսությունում 2022 թվականին արձանագրվել են զգալի դրական զարգացումներ` մեծամասամբ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների աշխատուժի, ընկերությունների եւ ֆինանսական կապիտալի էական ներհոսքով. «Արդյունքում 2022 թվականին մեր երկրում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 12,6 տոկոս»,- ընդգծել է ԿԲ ներկայացուցիչը:

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` զեկուցողը նշել է.

«Տնտեսական աճի` սպասվածից բարձր մակարդակի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2022 թվականին ուղղված է եղել սահուն կոնսոլիդացիայի շարունակականության ապահովմանը` առաջնորդվելով պարտքի կայունության սկզբունքով»:

Հովհաննես Խաչատրյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գնաճին: Նշվել է, որ տարեվերջյան 8,3 տոկոս գնաճի պայմաններում այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 3,2 տոկոս:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է ՀՊ-ի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Նա ընդգծել է, որ եզրակացությունը ձեւավորվել է ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքում: Նշվել է, որ բոլոր ֆինանսական հաշվետվությունները զերծ են էական խեղաթյուրումներից կամ բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում:

Այդուամենայնիվ, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 10 գերատեսչություններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրվել են 113 անհամապատասխանություններ, որոնց մի մասը պետական մարմիններում հանգեցրել է 18 խեղաթյուրումների. «Խեղաթյուրումների չափը, որը կազմել է բյուջեի ծախսային մասի 0,11 տոկոսը, էական չի համարվել եւ հետեւաբար չի ազդել բյուջեի հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքի վրա»: