Էկոնոմիկայի նախարարը զբոսաշրջիկների այցելությունների առումով ռեկորդային տարի է կանխատեսում

Էկոնոմիկայի նախարարը զբոսաշրջիկների այցելությունների առումով ռեկորդային տարի է կանխատեսում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զբոսաշրջիկների այցելությունների առումով ռեկորդային տարի է կանխատեսում, եթե դրա համար լուրջ խոչընդոտներ չլինեն։

Քերոբյանն այս մասին ասաց խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ։

Նա հայտնեց, որ 2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, որը 35 տոկոսով բարձր է 2019 թվականի ցուցանիշից։ «Սա թույլ է տալիս մտածել, որ մենք կունենանք ռեկորդային տարի, եթե լուրջ խոչընդոտներ չլինեն»,- ասաց նախարարը։

10 տարի առաջ կատարված հետազոտության համաձայն՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր 800 դոլարին մոտ գումար։ Նախարարությունը նոր հետազոտություն է արել, արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց Քերոբյանը նշեց, որ հիմա մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար գումար։

Նախարարի խոսքով՝ փոխվել են նաև զբոսաշրջիկների սովորույթները։ Զբոսաշրջիկները ավելի շատ սկսել են տներ վարձել, հյուրանոցի վրա ծախսվելիք գումարները խնայել և դրանք ուրիշ տեղ ծախսել։

Քերոբյանն ընդգծեց, որ զբոսաշրջությունը տարբեր երկրներում տարբեր ձևերով է զարգանում։ «Բայց պետք է ի նկատի ունենալ, որ զբոսաշրջությունը մասսայական շուկայում պահելու դեպքում այդ ոլորտում ներգրավված կլինի բավականին շատ մարդ, իսկ դա կարող է ազդել երկրի ընդհանուր աշխատանքի արտադրողականության վրա։ Մեր նպատակն այն է, որ մենք մեր զբոսաշրջությունն էժան սեգմենտից տեղափոխենք միջին, միջինից բարձր սեգմենտ, որպեսզի ոչ այդքան շատ քանակի մարդ ներգրավված ունենալով այդ ոլորտում՝ ապահովենք անհրաժեշտ տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։

Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։

Աղբյուրը՝   armenpress.am