Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ

Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին: Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: 

Լևոն Հովհաննիսյանը, կարևորելով կապերի ընդլայնումը և քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրը, ընդգծել է փոխգործակցությունը զարգացնելու և համատեղ ծրագրերի իրագործումն աշխուժացնելու Երևանի պատրաստակամությունը: 
 
«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները՝ պետք է շարունակել գործակցության խորացումն ու ամրապնդումը:  Վստահ եմ՝ Երևան այցը կլինի արդյունավետ և կաշխատենք տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար, նաև կնախանշենք հետագա անելիքները»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և ներկայացնելով Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զագացման նոր հնարավորությունները, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն վստահություն է հայտնել, որ Երևան այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր: 

«Դեռևս 2005թ. ստորագրվեց երկու քաղաքների միջև առաջին փաստաթուղթը: Հետագա տարիներին ստորագրվեցին համագործակցության տարբեր փաստաթղթեր: Հնգամյա ծրագրով այսօր արդեն կարող ենք խոսել նոր նախագծերի իրականացման հնարավորության մասին: 2024թ. նախատեսում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները»,-նշել է Լոգվինենկոն ու մատնանշել հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:
ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում: