Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր

Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը Կապս բնակավայրում է եղել, ընթացքի մեջ են Կապսի դպրոցի տանիքապատման և ներքին հարդարման աշխատանքները։
«ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար, առաջնահերթություն է համարվում կրթության բնագավառի զարգացումը, կրթական պայմանների բարելավումը, սա նշանակում է պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող, այնպես որ հորդորում եմ աշխատանքներում չհապաղել, ինչպես նաև շինարարությունն իրականացնել առանց թերացումների և չափանիշներին համապատասխան»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Նույն պայմաններն են ունենալու նաև Արեգնադեմի և Բերդաշենի դպրոցները։ Արեգնադեմի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 493 մլն դրամ, իսկ Բերդաշենի դպրոցի կառուցման նախահաշվային արժեքը՝ շուրջ 650 մլն դրամ: Ընթացքի մեջ են Արեգնադեմի դպրոցի պատերի և ծածկի, իսկ Բերդաշենի դպրոցի՝ հիմքերի և պատերի կառուցման աշխատանքները։ Երկու դպրոցների շինարարներն էլ մարզպետի հետ զրույցում հավաստել են, որ արվելու է հնարավորը գործընթացն արագացնելու համար։