Իրանի տարեկան արտահանումը Ռուսաստան աճել է 57 տոկոսով եւ գերազանցել 740 մլն դոլարը

Իրանի տարեկան արտահանումը Ռուսաստան աճել է 57 տոկոսով եւ գերազանցել 740 մլն դոլարը

2022-2023 ֆինանսական տարում (Իրանում այն ավարտվել է մարտի 20-ին-խմբ.) Իրանը Ռուսաստան է արտահանել 1,41 մլն տոննա ապրանք՝ 743,88 մլն դոլարի չափով, ինչը քաշով եւ արժեքով համապատասխանաբար 25 տոկոսով եւ 57 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, փոխանցում է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության տվյալներով՝ Ռուսաստանը նշված ժամանակահատվածում Իրանի արտահանման հիմնական ուղղությունների ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը: 

Հիմնականում արտահանվել են տուրբոռեակտիվ կամ տուրբոպրոպային շարժիչների բաղադրիչներ եւ մասեր՝ 68,49 մլն դոլար, ծովախեցգետին՝ 57,76 մլն դոլար, կիվի՝ 51,74 մլն դոլար, պիստակ՝ 44,1 մլն դոլար, ինչպես նաեւ պղպեղ՝ 34,07 մլն դոլար, հայտնում է Financial Tribune-ը։   

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո երեք տասնամյակների ընթացքում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուրը մեծապես տատանվել է: 2010-2015 թվականներին, երբ ՄԱԿ-ը պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, այն նվազեց 65 տոկոսով, իսկ մինչեւ 2022 թվականը՝ միջազգային պատժամիջոցների վերացումից, նոր առեւտրային ուղու բացումից եւ զարգացող ռազմական դաշինքի ամրապնդումից հետո, այն աճեց գրեթե չորս անգամ:

1990-ականների կեսերից մինչեւ 2023 թվականը երկու երկրների միջեւ առեւտրային հաշվեկշիռը հօգուտ Ռուսաստանի էր։ 2000 թվականից սկսած ՝ Իրանը Ռուսաստանից հիմնականում հումք է գնել, այդ թվում՝ երկաթ եւ պողպատ, ինչպես նաեւ հացահատիկ, օրինակ՝ ցորեն։   

2023 թվականի կեսերին եկամուտների ավելացման հեռանկարները մնում էին սահմանափակ, քանի որ ոչ մի երկիր ավելի արժեքավոր ապրանքներ չէր վաճառում։  

Աղբյուրը՝   news.am