Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Նախագահը շնորհավորել է Արգենտինայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 25-ին: «Շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ և ի դեմս Ձեզ հղում իմ լավագույն բարեմաղթանքներն Արգենտինայի ժողովրդին, Արգենտինայի նախագահին:

Ընդունեք իմ լավագույն մաղթանքները: Իհարկե, կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ ամեն մեկս՝ հատկապես որպես քաղաքացի, այս դեպքում նկատի ունեմ արգենտինացիներին կարողանան իրենց երազած երկրի կառուցմանը մասնակից լինեն և իրենց երազած երկիրը կառուցեն»:

Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին նշել է. «Շնորհակալություն, հարգելի պարոն նախագահ, այս ընդունելության համար: Մեզ համար շատ կարևոր և գնահատելի է Ձեր մոտեցումը, Ձեր պատրաստակամությունը մեզ հյուրընկալել և աջակցել: Շնորհակալություն ևս մեկ անգամ ընդունելության և լավ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բարեկամական սերտ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ինչի կապակցությամբ դեսպան Վերգարան ընդգծել է Արգենտինայի պատրաստակամությունը լիարժեքորեն աջակցել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները: